Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագիր է իրականացվում հայ-ճապոնական գործակցությամբ, որի շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միասնական համակարգող հանձնաժողովի 3-րդ նիստը: Հյուրերին ողջունել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի նպատակն է ճգնաժամային հաղորդակցության կարողությունների ամրապնդումը: Երկու կողմերի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերն այժմ գործողությունների ստանդարտ ընթացակարգ են մշակում երկրաշարժի, սողանքի և անտառային հրդեհի դեպքում ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ: Ուղեցույց է պատրաստվում լրատվամիջոցների համար: Աշնանը կանցկացվի գործնական վարժանք:

Ծրագրի գործողությունները հանրայնացվելու են: Արդյունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է ստեղծվելիք կայքի միջոցով: Ճապոնական կողմի ներկայացուցիչները Հայաստանում կմնան երկու շաբաթ: Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կանցկացվեն և կուղենշվեն համագործակցության հետագա զարգացումները: Նիստի ավարտին աշխատանքային պլանի, մոնիթորինգային թերթիկի և նախագծային մատրիցայի փաստաթղթերը վավերացվեցին կողմերի ստորագրությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն