ՊՆ-ում պետք է իրականացվեն լուրջ ու ծավալուն կադրային փոփոխություններ․ Արմեն Խաչատրյան
Կադրային ջարդ տերմինը Պաշտպանության նախարարության մասով չէի ընդունի, բայց կասեմ, որ ՊՆ-ում պետք է իրականացվեն լուրջ ու ծավալուն կադրային փոփոխություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվել։
«Մենք անցել ենք պատերազմի միջով, պրակտիկ տեսել ենք՝ որտեղ կան խնդիրներ։ Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն, բանակում պետք է լինեն այնպիսի կադրեր, որոնք այսօրվան են համահունչ և կարող են այսօրվա պայմաններում նոր բանակի ձևավորման մեջ լուրջ դերակատարում ունենալ»,-ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ում այժմ նոր մարտահրավերներ կան, իսկ դրանց պայմաններում պետք է ունենալ նոր կադրեր, նոր մտածելակերպ, պետք է ձևավորվի նոր գիտելիքներով զինված կադրային ինստիտուտ։
«Հին մեթոդներով, հին կառավարման համակարգով մենք երկարատև ժամանակ արդյունքների չենք հասնի, հետևաբար, կադրային փոփոխությունը շատ տրամաբանական և պահանջված է: Գեներալ կլինի, ավագ լեյտենանտ կլինի, որևէ նշանակություն չունի, պետք ծառայության մեջ լինեն այն մարդիկ, որոնք ունեն բարեփոխումների տեսլականը. ինչը որ կար, մեզ բերեց արհավիրքի, և պատերազմում տեսանք բավականին լուրջ խնդիրներ` սկսած զորահավաքային խնդիրներից, վերջացրած մարտերի կառավարման խնդիրներով»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե պետք է լուրջ վերլուծություն անել, թե այդ կադրերին որտեղից են գտնելու։
Ըստ Խաչատրյանի՝ Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելն էլ այդ տրամաբանության մեջ էր, որ նախկին նախարարները չէին իրականացնում կադրային փոփոխություններ։
Ինչ վերաբերում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, Խաչատրյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել իր թեկնածուին, և ըստ կանոնակարգ օրենքի՝ այդ պաշտոնի մանդատն անցել է ՔՊ-ին։ «Սակայն մենք մի քանի անգամ հորդորել ենք, որ ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին, և մենք մեր մանդատով ընտրենք նրանք որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ»,-ասաց իշխանական պատգամավորը՝ նշելով, թե այս իրավիճակը կարող է շարունակվել այնքան, մինչև տեղակալ ընտրվի։
Պատգամավորը նշեց, թե ընդդիմությունում կան պատգամավորներ, որոնց ներկայացվելու դեպքում իշխանությունը կտա իր ձայնը, դիտարկում են թե՛ «Հայաստան»-ի, թե՛ «Պատիվ ունեմ»-ի թեկնածուներին։ «Մեզ համար ընդդիմության թեկնածուին մերժելն ինքնանպատակ չէ»,-նշեց նա։
Անդրադառնալով առաջնագծի կահավորման աշխատանքներին՝ Խատատրայնն ասաց, որ խնդիրները 100 տոկոսով լուծված չեն, սակայն ակտիվ աշխատանքներ են կատարվում դրանց լուծման ուղղությամբ։
Պատգամավորը նշեց նաև, թե միանշանակ է, որ պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, սակայն մինչ այդ պետք է ուսումնասիրություններ, վերլուծություններ իրականացվեն։
Tert.am