Մենք չենք պատկերացնում, որ կարող է Մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը
Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները թափանցիկ ակնարկներ են այն մասին, որ նա պատրաստվում է Արցախը վերջնականորեն հանձնել Ադրբեջանին՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Դրան, բնականաբար, հակադրվում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանի ամեն ասածի հետ մինչ օրս համաձայնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունն են որոշելու նրա ճակատագիրը, եւ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս հակամարտության ֆոնին արդեն կարծիքներ են գեներացվում, թե Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ ձեռքերը լվանա Արցախից՝ հրաժարվելով ինչպես Արցախի անունից բանակցային սեղանի շուրջ հանդես գալուց, այնպես էլ Հայաստանի բյուջեից Արցախի Հանրապետությանը ֆինանսավորելուց։ Եվ այսքան տարի Հայաստանի անվտանգության պատնեշ հանդիսացած Արցախն Ադրբեջանի դեմ պայքարում միայնակ կմնա։
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց՝ չի պատկերացնում, որ նման սցենար կարող է լինել, եւ մայր Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել Արցախից։
- Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արդյոք այդ մասին չե՞ն վկայում, որ նա կարծես թե մտադիր է հրաժարվել Արցախից կամ նրա խնդիրները լուծելուց։
- Որպեսզի մենք միանշանակ կարողանանք այս կամ այն եզրակացությունն անել, պետք է ավելի համապարփակ մոտեցում լինի պաշտոնական Երեւանից։ Դա պետք է իշխանության տարբեր թեւերով, տարբեր մարմիններով, ղեկավարման տարբեր աստիճաններից նման կարծիքներ պաշտոնապես հնչեն։ Ես, կրկնում եմ, չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել։
- Իսկ Դուք՝ որպես Արցախի ԱԳ նախարար, ի՞նչ եք կարծում, Արցախը կարո՞ղ է ուղիղ հարաբերվել Ադրբեջանի հետ եւ փորձել ինքն իր հարցերը կարգավորել Ադրբեջանի իշխանության հետ ուղիղ շփումների մեջ մտնելով։
- Գիտե՞ք, մենք երբեք չենք վախեցել կամ չենք քաշվել Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից, մանավանդ, որ եղել են այդպիսի շփումներ նախկինում, եւ միշտ պատրաստակամություն ենք հայտնել ցանկացած հարց քննարկելու։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ մենք քննարկելու ենք Ադրբեջանի կազմ մտնելու հարցը, դա անհնարին է եւ անթույլատրելի։
- Արցախի նախագահի հայտարարության տողատակերում կարծես ակնարկ կար, որ դիմում եք Ռուսաստանին, որ Ռուսաստանը գա եւ սատար կանգնի Արցախին, պաշտպանի Արցախի տարածքային ամբողջականությունը։
- Ես չեմ հիշում, որ նման բան հայտարարության մեջ լինի, բայց մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը եւս։ Այսինքն՝ մեր մեկնաբանություններում մենք որեւէ հարց կարգավիճակի վերաբերյալ չենք դրել։ Կարգավիճակի վերաբերյալ մենք ունենք միայն մեկ կարմիր գիծ, որը երբեք չենք խախտելու․ մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու։ Իսկ մնացած հարցերի մասին դեռեւս վաղ է խոսելը։
- Իսկ Ռուսաստանի կազմում լինելը քննարկման ենթակա՞ է ձեզ համար։
- Կրկնում եմ՝ մեր ժողովրդի համար կարմիր գիծ է Ադրբեջանի կազմում լինելը։ Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Մնացած խնդիրներն արդեն ժամանակը ցույց կտա։ Այս պահի դրությամբ մեր օրակարգում անկախությունն է, անկախության ճանաչումը եւ ինքնիշխանության պահպանումը։
- Արցախը Հայաստանին կապող միակ սնուցող երակը մնացել է Լաչինի միջանցքը, եւ ռիսկը մեծ է, որ Ադրբեջանը կարող է այդ միջանցքը փակել ու Արցախը թողնել շրջափակման մեջ։ Այդպիսի իրավիճակում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ու արցախցիների ճակատագիրը։
- Ես ասեմ հետեւյալը․ տեխնիկապես, իհարկե, միջանցքը փակելը որեւէ դժվարություն չի պարունակում։ Բայց այդ միջանցքը միայն տեխնիկական միջանցք չէ, սա, բնական է, որ բերելու է շատ լուրջ հետեւանքների՝ ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական։ Առավել եւս, որ միջանցքի անվտանգությունը, երթեւեկության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահ ուժերը։ Հետեւաբար, դա տեխնիկական խնդիր չէ։ Այդ է պատճառը, որ միջանցքն առայսօր անվտանգ է։ Թե չէ, եթե Ադրբեջանի տիրապետության ներքո դա գտնվեր, վաղուց էին փակել եւ ոչ միայն փակել, այլեւ վաղուց արդեն Արցախը չէր լինի։
- Իսկ Դուք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ի՞նչ եք հասկանում, ինքն ուզո՞ւմ է Արցախի հարցը պրոհայկական եւ պրոարցախյան տարբերակով լուծել, թե՞ ավելի շատ տանում է նրան, որ Արցախը վաղը լինի Ադրբեջանի կազմում։
- Տեսեք, մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ։ Չի լինելու էդպիսի բան։ Մնացած հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, դիմեք համապատասխան մարմիններին։ Ես էլի եմ ասում՝ պարզապես մենք չենք պատկերացնում, որ կարող է մայր Հայաստանը ոչնչացնել Արցախը։ Մնացած դետալներն արդեն տեղում ճշտեք ձեր աղբյուրներից, համապատասխան պաշտոնյաներից։
Hraparak.am