Օրերս սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ պատասխանել է նաեւ «Հրապարակի» հարցերին: 3 հարց էինք ուղղել: 

- Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Ձեր մոսկովյան այցերին: Տեղացիներին միշտ հուզում է այն, որ սփյուռքի հանձնակատարը եւ, առհասարակ, կառավարությունը հիմնականում հանդիպում են Հայ իրավաբանների երկրորդ ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանի հետ: Ինչո՞ւ եք միայն այդ կազմակերպության ակտիվի հետ հանդիպում՝ որպես հայ համայնքի ներկայացուցիչների: 

- Իհարկե, հարցի հիմքը չի պարունակում ճշմարտություն իր մեջ: Մենք մասնագիտական կազմակերպությունների հետ համագործակցում ենք, ոչ միայն իրավաբանների, այլեւ՝ բժիշկների: Հիմա կարող են ասել՝ բժիշկների հետ ինչո՞ւ եք համագործակցում: Բայց մենք համագործակցության շատ եզրեր ունենք բժիշկների ասոցիացիայի հետ, մանավանդ՝ համավարակի ընթացքում ու պատերազմով պայմանավորված… Այն խմբերը, որոնք ակտիվ են, ներգրավված են, որոնք կազմակերպված են, բնականորեն, հանդիսանում են կարեւոր գործընկերներ մեզ համար: Մեզ համար ցանկալի է հնարավորինս լայն շրջանակի հետ համագործակցել՝ մեր հայրենակիցների, որը մենք անում ենք ու մեզ չենք սահմանափակում ինստիտուցիոնալ սփյուռքով, որի պատճառով անընդհատ հարվածի տակ ենք: Այն կազմակերպությունները, որոնք մենաշնորհ են ունեցել ՀՀ-ում ու այսօր չունեն այդ մենաշնորհը, որովհետեւ մենք դռները բացել ենք ամենալայն շրջանակի առաջ, հիմա այդ մենաշնորհ ունեցող կազմակերպությունները մեզ չեն սիրում կամ անընդհատ բողոքում են մեր գործունեությունից, որովհետեւ մենք աշխատում ենք շատ կազմակերպությունների ու անհատների հետ։ Այն կազմակերպությունների, որոնք ռացիոնալ են, ակտիվ են, կազմակերպված են, եւ մենք շարունակելու ենք խորապես համագործակցել իրավաբանների ասոցիացիայի հետ: Իրավաբանները շատ յուրօրինակ տեսակ են, շատ ճկուն, որոնց հետ կարելի է քննարկել ու համագործակցել բոլոր հարցերում: 

- Շահեն Պետրոսյանը՝ հավանաբար Ձեր առաջարկով, ՀՀ անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով, ինչից վրդովված են այն գործարարները, որոնք օգնել են Հայաստանին պատերազմի օրերին ու չեն հասկանում, թե ինչու եք ընտրել հենց նրան: Ռուսաստանի հայերի միությունը նույնիսկ վրդովմունք է հայտնել՝ հաղորդագրություն տարածելով այդ մասին: Դա Ձեր ու ՀՀ կառավարության ղեկավարի անձնական ցանկությո՞ւնն էր:

- Նախապատմություն կա սրան: Ոչ միայն Շահեն Պետրոսյանն է այդ օրը պարգեւատրվել, այլ եւս 4 սփյուռքահայեր, որոնք ծառայություններ են մատուցել հայրենիքին եւ իրենց հնարավորինն են արել եւ անհնարինը, ոմանք՝ նաեւ հայրենիքը պաշտպանելու գործում: Շահեն Պետրոսյանն այս անձանցից մեկն է եղել, քանի որ մենք ենք կոորդինացրել բեռների հավաքագրումը սփյուռքում, կապի մեջ ենք եղել հարյուրավոր սփյուռքահայ հայրենակիցների հետ, որոնք կոորդինացնում էին այս գործընթացը: Շահեն Պետրոսյանն այն անձն էր, որն ամեն օր կա՛մ ՀՀ դեսպանատանն էր, կա՛մ բեռներն էր հավաքում, կազմակերպում։ Այնպես որ, նրա լուման շատ մեծ էր։ Եվս 4 սփյուռքահայեր արժանացել են այդ պարգեւին, բայց նա միակն էր նրանցից, ով կարողացավ ներկա գտնվել եւ ստանալ ՀՀ նախագահից պարգեւը: 

- Ո՞ւմ եք նշանակելու սփյուռքի հանձնակատարներ, քանի՞ դիմում ունեք, եւ կան արդյո՞ք ընտրված մարդիկ: 

- Ունենք հարյուրավոր դիմումներ, մեծ քանակությամբ դիմումներ էլ չենք հասցրել վերլուծել: Ձեր պատկերացրած բոլոր պլատֆորմներով ստանում ենք այդ դիմումները, սակայն դեռ նշանակում չկա: Մենք չենք շտապում, նշանակումները ռեակցիոն չեն լինելու: Մեր առաջ նպատակ չենք դրել հաջորդ 20 օրվա մեջ ամբողջ աշխարհը պատել հանձնակատարներով: Ըստ տարածքի կարիքների, ըստ ճիշտ թեկնածուների առաջ գալու, ըստ մեր կարիքների՝ մենք կշարժվենք առաջ այն արագությամբ, որը զգույշ է, նպատակահարմար է ու ռացիոնալ է: 

ՀԳ. Ինչպես հայտնի է, սփյուռքի հանձնակատարներ նշանակվելու են սփյուռքահայության բոլոր օջախներում: Նրանք պետությունից աշխատավարձ չեն ստանալու, բայց ապահովելու են հայկական նոր իշխանության թիկունքը սփյուռքում: Այսպես հույս ունեն պրոնիկոլական սփյուռք ձեւավորել՝ ի հակակշիռ ավանդականի, որը հիմնականում հայաստանյան նոր իշխանավորներին չի վստահում ու չի աջակցում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն