Դերասանուհի Ռոզի Ավետիսովան օրերս կտրուկ ոճափոխության է դիմել՝ կտրելով ու սափրելով մազերի մի հատվածը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզին խոսել է ոճափոխության պատճառի և մտերիմների արձագանքների մասին:

Նրա խոսքով՝ ոճափոխությունն արել է մոտ 10 օր առաջ, երբ ավարտել է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանումները: «Նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել ենք հունիսի 6-ից, 1,5 ամիս կտևեն: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, կոչվում է «Սևազգեստ կանայք», որոնցից մեկն էլ ես եմ: Այլ մանրամասներ ասել դեռ չեմ կարող: Երբ Գոռն ասաց, որ նման ոճափոխություն է պետք, առարկեցի, բայց ռեժիսորն ինձ կարողացավ համոզել: Հիմա ինձ համար սովորական է դարձել, արտառոց չէ: Երբ սանրվածքը պատրաստ էր, ինձ հայելու մեջ նայեցի, ինձ դուր եկավ»,- պատմեց նա:

Ռոզին խոստովանեց, որ սանրվածքը թաքցնելու հնարավորություն ևս ունի: «Քանի որ 3 ներկայացման մեջ եմ զբաղված, մաքսիմալ այնպես ենք ստացել, որ մյուս դերերիս համար խոչընդոտներ չլինեն»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս են ոճափոխությանն արձագանքել մտերիմները, Ռոզին պատասխանեց. «Ընկերներս, մտերիմներս արդեն ընտելացել են իմ կտրուկ ոճափոխություններին: Այս անգամ շատ չզարմացան, ուղղակի ասացին, որ գեղեցիկ է»:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ այս ոճափոխությունը կտրուկ է, ավելի կտրուկ ոճափոխություն է ունեցել տարիներ առաջ: «Առաջին անգամ չեմ սափրում գլուխս։ 2013-ին մազերս շատ ավելի կարճ եմ կտրել ու սափրել: Դա ֆիլմի համար չէր, իմ ցանկությունն էր: Մազերի, արտաքնի հետ կապված փոփոխությունները հանգիստ եմ տանում, դրանք ինձ չեն նեղացնում, միայն թե վիրահատական միջամտություն չլինի, մնացած ամեն ինչի համաձայն եմ: Նման ոճափոխությունները գուցե ներքին փոփոխությունների են բերում, հատկապես այն դեպքում, երբ ինքդ քեզ համար ես անում: Այս դեպքում կերպարի համար է, այդ պատճառով դեռ ներքին փոփոխություն չեմ զգում»,- նշեց դերասանուհին:

Ռոզին ընդգծեց, որ նույնատիպ ամեն ինչից արագ հոգնում է, այդ պատճառով էլ իր համար նման փոփոխությունները նույնիսկ հաճելի են: «Որպես դերասանուհի՝ ինձ ավելի ռեալիզացված եմ զգում, որ կարող եմ տարբեր կերպ ներկայանալ: Որքանո՞վ է մարդկանց հետաքրքիր նույն մարդուն նույն կերպարով տեսնել տարբեր նախագծերում: Եթե ուզում ես կերպարդ ամբողջական ընկալվի, պետք է դիմես այդ փոփոխություններին: Ոչ միայն գեղարվեստական ֆիլմերում, այլև հեռուստասերիալներում կերպարային ոճափոխություններին կողմ եմ»,- ասաց նա:

Դերասանուհին նաև շեշտեց, որ արտերկրում նման ոճափոխությունները շատ տարածված են, Հայաստանում՝ ոչ: «Դա, երևի, պայմանավորված է նրանով, որ կանայք սիրում են իրենց մազերը, դժվարությամբ են դրանցից հրաժարվում: Իմ շուրջ նման շատ օրինակներ ունեմ: Ուղղակի դերասանուհին պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Չպետք է մինչև վերջ դեմ լինես կերպարի համար ոճափոխություն անել: Այն էլ մազերի դեպքում, երբ դրանք վաղ, թե ուշ երկարելու են: Ես ռիսկային մարդ եմ այդ հարցում, երբեք հագուստի կամ սանրվածքի հետ կապված խնդիր չեմ ունեցել: Կարող եմ ռեժիսորի հետ քննարկել ցանկացած առաջարկ ու տրամաբանության սահմաններում համաձայնության գալ»,- եզրափակեց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն