Քադաֆիի որդին կառաջադրվի Լիբիայի նախագահի պաշտոնում. The Times
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի` Սեյֆ ալ-Իսլամը, մտադիր է վերադառնալ քաղաքականություն և առաջադրվել Լիբիայում դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա ինքն է հեռախոսով հայտնել լոնդոնյան The Times պարբերականի լրագրողներին:
Լրագրողների հետ զրույցում Քադաֆին, որը 2011 թվականից գործնականում չի հայտնվում հասարակության առջև, ասել է, որ իրեն լավ է զգում, և որ ներկայում կապվում է այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հետ` իր մասին հիշեցնելու և կապերը վերականգնելու համար: Համաձայն մի խումբ խորհրդատուների, որոնք ներկայացնում են նրա շահերը և գործում են նրա անունից, Սեյֆ ալ-Իսլամը պատրաստվում է ինչ-որ պահի հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Սակայն, ըստ նրանց, նա չի կարողանա պաշտոնապես հայտարարել իր թեկնածությունը Լիբիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, մինչև ընտրական օրենքի վավերացումը, քանի որ նրա մրցակիցները կարող են փորձել դրան ավելացնել կետ, որը կարգելի Քադաֆիի որդուն առաջադրվել:
Սեյֆ ալ-Իսլամը 2018-ի մարտին արդեն հայտարարել էր Լիբիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, այն ժամանակ նա Թունիսում էր: Այդ ժամանակ նա նշել էր, որ ցանկանում է առաջադրվել Լիբիայի ազատագրման ժողովրդական ճակատից: Միևնույն ժամանակ, Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին դեռ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, 2011 թ.-ին Միջազգային քրեական դատարանի կողմից տրվել է նրա կալանքի հրաման, նա մեղադրվում է պատերազմական ժամանակների հանցագործությունների համար: Բացի այդ, նույն պատճառներով նրան սպառնում է ձերբակալություն հենց Լիբիայում: Սակայն, ինչպես նշում է The Times-ը ՝ վկայակոչելով կրտսեր Քադաֆիի հետ կապված աղբյուրներին, նա հույս է դնում իր հոր ղեկավարման տարիներին հարաբերական կայունության ժամանակահատվածի նկատմամբ հայրենակիցների կարոտի վրա:
Նյութը՝ Tert.am