Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը», սա խուժանների իշխանություն է․ Իշխան Սաղաթելյան
Մենք այսօր այստեղ ենք Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով, բայց առհասարակ Հայաստանում կան մի շարք քաղբանտարկյալներ և 2022 թվական մտնում ենք բազմաթիվ քաղբանտարկյալներով։ Այս մասին այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Yerevan Today–ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը»։ Ես ասում եմ, որ սա արդեն խուժանների իշխանություն է, դա դրսևորում է տարբեր տեղերում և ոլորտներում, և պատահական չէ, որ ձերբակալում են Աշոտ Մինասյանին և նրա նման մարդկանց»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ինքն այստեղ է՝ ի պաշտպանություն ընկերների, այն մարդու, որն ապօրինաբար գտնվում է կալանքի տակ։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ լինելու է ՀՀ բոլոր այն քաղաքացիների կողքին, որոնք այսօր իշխանությունների կողմից ենթարկվում են բռնաճնշումների։
Նշենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդում։ Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։ Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում զենք-ռազմամթերքի հայտնաբերմանը։
Tert.am