Քարոզարշավային այս օրերին մեր հանրության համար ակնհայտ է, որ Փաշինյանը չի կարողանում թաքցնել իր հոգեբանական խնդիրները, հպարտանում է, թե իրեն հաջողվել է հոգեխանգարմունքի հասցնել իր ընդդիմախոսներին, այսինքն՝ մարդը հպարտանում է իր հոգեկան խնդիրներով. Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը լրատվական թիվ մեկ «քիլերն» է, բոլորը գիտեն նրա գործելաոճը, նա է հիմնադրել փողով նյութ գրելու, սրա-նրա մասին ապատեղեկատվություն տարածելու պրակտիկան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը:

«Մենք չպետք է մեծ ուշադրություն դարձնենք այն մոլորյալների վրա, որոնք ոչ տրամաբանական հայտարարություններ են անում, գառ են մորթում կապիտուլյանտի ոտքերի տակ, որդեկորույս մայրերը համբուրում են նրա ձեռքերը, յուրաքանչյուր հասարակությունում էլ այդպիսիք կան, նրանց ժամանակ է պետք իրականությունը պարզելու համար: Փաշինյանի նպատակն է, որ օրակարգը լցվի նման մարդկանցով, բայց նրանց տոկոսային հարաբերակցությունը շատ փոքր է»,- ասել է պատգամավորի թեկնածուն:

 Ըստ Խամոյանի՝քարոզարշավի երկրորդ շաբաթում Փաշինյանի վարկանիշն ավելի է ընկնելու, «Հայաստան» դաշինքինը՝ աճելու. «Փաշինյանի աջակիցներն աղմկոտ փոքրամասնություն են, իսկ մարզաբնակ մարդիկ տեսնում են, որ Քոչարյանը մի վիշապ չէ, ինչպես նրան ներկայացնում էին տարիներ շարունակ, համոզվում են, որ նրա անձի շուրջ լեգենդներն աղերս չունեն իրականության հետ, նա սովորական մարդ է՝ իր առավելություններով ու թերություններով: Փաշինյանն ամբողջ վարչական ռեսուրսը գործի է դրել՝ հանրահավաքներին մարդաքանակ ապահովելու համար, տասնյակ ավտոբուսներով շրջիկ խմբերի են տեղափոխում՝ մարդաշատության պատրանք ստեղծելու համար»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Լոռու մարզ այցելության ժամանակ Փաշինյանին տասը ոստիկանական ավտոբուս է ուղեկցել, այն դեպքում, երբ նա արձակուրդում է. «Լոռիում նա մոտեցավ մի որդեկորույս մոր, որի զոհված տղան Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի զարմիկն է, նրա մայրն ասում էր՝ երկնքից տես, թե ով է եկել գերեզմանիդ, դու նրան շատ էիր սիրում: Ցավալի է, որ զոհերի հարազատները ներքաշվում են նման բեմականացումների մեջ: Եթե մարդ կարող է իր որդուն հանել թատերաբեմ՝ մի քանի ձայն մուրալու համար, նրան դարձնել նախընտրական առքուվաճառքի առարկա, մարզպետն էլ կարող է իր զարմիկի արյունն ուրանալ»:

Ագնեսա Խամոյանի պնդմամբ՝ Աշոտ Փաշինյանին կարող են նույնիսկ մի քանի շաբաթով տանել Ադրբեջան, առոք-փառոք պահել, հետո վերադարձնել, ընտրության նախաշեմին հնարավոր է նույնիսկ գերիներին վերադարձնեն: «Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական կարևորություն ունի այս իշխանությունների վերարտադրությունը, նրանք հայտարարեցին, որ Հայաստանում անթույլատրելի է ռազմական հեղաշրջումը: Եթե լինի երկրորդ փուլ, մենք մասնակցելու ենք, Քոչարյանը դրա փորձն ունի նախորդ ընտրություններում: Առաջին փուլում կոալիցիայի միջոցով հնարավոր կլինի իշխանություն ձևավորել, Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ: Շատ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրությանը: Յուրաքանչյուր չքվեարկված քվեաթերթիկը գնալու է Ալիևի օգտին»,- ամփոփել է Ագնեսա Խամոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն