Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու անում են ադրբեջանցի զինծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է անցյալ տարի մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքները։
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Ինձ համար արդեն անցած 2021թ. ընթացքում մեր երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել`
1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող:
Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի
ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված:
2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը:
Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը:
3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար:
4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն:
Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին:
5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն:
Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ:
Հ.Գ. Մեր հայրենակիցների նկատմամբ վայրագություններ արել ու շարունակում են անել ադրբեջանական զինված ծառայողները, բայց պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու մարդկանց, և պաշտոնյաներն իրավունք չունեն վնասել դա»:
Tert.am