«2021 թվականին կրթության ոլորտում նկատելի ձեռքբերում դժվար է հիշել, որովհետև պետք է ուղղված լիներ 2020թ. վատ հետևանքների վերացմանը, սակայն խնդիրներ առաջացան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով և, ըստ էության, տարվա ընթացքում որևէ լուծում չգտնվեց: Նախապատրաստական որևէ աշխատանքներ չկատարվեցին, եթե ուսուցման հեռավար կրթությանը պետք էր անցնել՝ վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության խնդիրները բաց մնացին, կրթության որակը հետզհետե ընկավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ մեկ տարի մենք կորցրեցինք նաև «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքին սպասելով:

«Նախորդ Ազգային ժողովը նախ ընդունեց օրենքը, հետո Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչեց, հետ ուղարկեց ԱԺ, այնտեղից էլ ուղարկեցին Կառավարություն, և հիմա նոր ԿԳՄՍՆ-ն սկսել է լրամշակել: Բոլորը սպասում էին այդ օրենքին, որովհետև դրան հետևելու էին համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, որոնք, ըստ էության, կարգավորելու էին ողջ ոլորտը»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:

Անդրադառնալով նախագծին, համաձայն որի՝ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ հունվար և հունիս ամիսներին, կրթության փորձագետը նկատեց.

«Վաղուց ողջ աշխարհը մոռացել է, թե ինչ է պլանային տնտեսությունը և բուհերին պետության կողմից տեղեր հատկացնելը: Մեր երկրում այնպես է, որ ավարտողները կարող են ընդհանրապես աշխատանքի չանցնել, կամ աշխատատեղերը լրացվում են ուրիշ բուհերի շրջանավարտներով: Ոչ մի ձև չի հիմնավորվում տեղերի հատկացումը պետության կողմից:

Վաղուց ամբողջ աշխարհն անցել է այլ մոդելի, երբ շրջանավարտները նախ հանձնում են քննությունները, հավաքում են համապատասխան բալերը, և հետո համալսարանները հայտարարում են, թե նվազագույնը քանի բալով կարող են ուսանող ընդունել: Եվ շրջանավարտը որոշում է՝ եթե իր բալերի չափը բավարարում է, նա կարող է գնալ և նստել տվյալ համալսարան՝ տվյալ մասնագիտության բաժինը: Սա է ամենաճիշտը: Երկու անգամ քննություն հանձնելը որոշակի քայլ է այդ ուղղությամբ, որովհետև եվրոպական բուհերում կան այդպիսի կենտրոններ, որտեղ ցանկացած ժամանակ ցանկացած մեկը կարող է հանձնել քննություն և բալերը ստանալ: Այսինքն, ոչ թե երկու անգամ, այլ՝ երբ ուզեն:

Դրանով նա կարողանում է, օրինակ, մեկ կամ երկու տարվա ընթացքում օգտագործել այդ բալերը, գնալ, սովորել»:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն