Աֆղանստանում «Թալիբան»-ի հարձակման հետևանքով անվտանգության ուժերի 20 ծառայող է զոհվել․ կա 20 վիրավոր և 10 գերի
Աֆղանստանի Գոր նահանգի Թոլակ շրջանում «Թալիբան» շարժման հետ բախման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի առնվազն 20 ծառայող, նույնքանն էլ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հայտնի է, որ բախումները տեղի են ունեցել երեկ երեկոյան: Աղբյուրների համաձայն՝ տարածքն անցել է թալիբների վերահսկողության տակ, սակայն շրջանի ղեկավար Սալման Յուսուֆին չի հաստատել այդ լուրը։
«Անվտանգության ուժերի 20 աշխատակից զոհվել, և ևս 20-ը վիրավորվել է թալիբների հարձակման հետևանքով»,- ասել է Սալման Յուսուֆին և հավելել, որ «Թալիբան»-ը գերի է վերցրել անվտանգության ուժերի 10 ծառայողի։
Աֆղանստանում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք նշանակալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ սկսել մեծ քաղաքների ուղղությամբ: Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման միջև խաղաղության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։