«Իրանը Սյունիքի կենսականությունը հաշվի առնելով՝ ցանկանում է այնտեղ ունենալ ավելի լայն ու ակտիվ ներկայություն՝ դիմագրավելու ադրբեջանաթուրքական հնարավոր ոստնձգություններին». Ոսկանյան
2021թ․ դեկտեմբերի վերջին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Այս մասին հաղորդագրություն էր հրապարակվել Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
«Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,- նշված էր հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Կապանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ Իրանի Կառավարության որոշմանը, նկատեց՝ Հայաստանի և Իրանի միջև հյուպատոսություն բացելու խնդիրն արծարծվում էր բավականին երկար ժամանակ, ընդ որում, խոսքը գրեթե մեկ տասնամյակի կամ ավելի ժամանակահատվածի մասին է։
«Այս համատեքստում ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է հյուպատոսություն ունենա Թավրիզում, երբեմն էլ խոսվում էր Սպահանի մասին։ Իրանն էլ իր հերթին՝ հյուպատոսություն պետք է բացեր ՀՀ որևէ խոշոր քաղաքում, խոսվում էր Կապանի մասին։ Եթե իրանական դիրքորոշումները դիտարկենք Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքների համատեքստում, ապա ակնհայտ է, որ Իրանը կարևորագույն դերակատարում ունեցավ, որպեսզի ապահովի Սյունիքի մարզի անվտանգության զգալի հատվածը։
Պարզ էր, որ ադրբեջանաթուրքական դաշինքն իր «զանգեզուրյան միջանցք» ծրագիրը կյանքի կոչելու համար պատրաստ էր նույնիսկ ռազմական ինտերվենցիայի։ Հետևաբար՝ իրանական զորաշարժերն էին այն զսպող գործոններից մեկը, որը թույլ չտվեց Ադրբեջանին ու Թուրքիային գնալ այդ քայլին, իհարկե, կային այլ գործոններ ևս, բայց սա այդ գործոններից մեկն էր։
Ակնհայտ է, որ Իրանը Սյունիքի մարզի կենսականությունը հաշվի առնելով՝ ցանկանում է այնտեղ ունենալ ավելի լայն ու ակտիվ ներկայություն, դիմագրավելու ադրբեջանաթուրքական հնարավոր ոստնձգություններին։ Այստեղ խոսքը նաև քարոզչական տիրույթում ոտնձգությունների մասին է։ Այս իմաստով Իրանի կառավարության այս քայլը շատ կարևոր էր»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի կարծիքով՝ հայկական կողմից էլ չափազանց կարևոր կլինի, եթե այս պատմական կտրվածքում կարողանա իրականացնել Թավրիզում հյուպատոսարան բացելու ծրագիրը։
Այդ երկու հյուպատոսությունները, ըստ Վարդան Ոսկանյանի, կիրականացնեն ոչ միայն դիվանագիտական, քաղաքական աշխատանքներ՝ Հայաստան-Իրան հարաբերություններ ամրապնդելու ուղղությամբ, այլև կարևոր ուղերձ կլինի թշնամական այն պետություններին, որոնք մտածում են հայ-իրանական ցամաքային հաղորդակցությունը խափանելու մասին։
Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամական պետությունների այս ծրագիրը միայն քարոզչական հնարք չէ, իրականության մեջ դրանք լուրջ ծրագրեր են և միտված են թուլացնելու թե՛ Հայաստանին, թե՛ նրան կախվածության մեջ դնելու թուրք-ադրբեջանական դաշինքից։
«Այդուհանդերձ տեղին չէ ասել, որ իրանական հյուպատոսության ներկայությունը Կապանում կարող է թշնամու ագրեսիայի համար զսպող դեր ունենալ, սակայն այն, որ սա հստակ ուղերձ էր, և միջազգային դիվանագիտական լեզվով էլ այդ ուղերձը շատ հասկանալի էր և ուղիղ՝ ակնհայտ էր։ Մյուս կողմից էլ, որպեսզի Սյունիքի մարզում ունենանք շատ ավելի կայուն ու անվտանգ իրավիճակ, ռազմաքաղաքական բաղադրիչին զուգահեռ՝ պետք է նաև հայ-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զարգացնենք, այդ բաղադրիչը շատ դեպքերում պետք է կենտրոնացված լինի Սյունիքի մարզում։
Խոսքը վերաբերում է Մեղրու ազատ տնտեսական գոտուն, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հնարավորին արագ ու որակյալ շինարարությանը։ Մշտապես խոսվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, նաև իրանական Ջուլֆա-Երասխ երկաթգծի գործարկման մասին, որը ձեռնտու կլինի թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին, որն ունի նաև որոշակի ռիսկեր։ Ռիսկերն ու վտանգները կապված են նրա հետ, որ դրանով կնվազի Սյունիքի մարզի կարևորությունը՝ որպես Հայաստանի մնացյալ հատվածի և Իրանի միջև կապող օղակի։
Չափազանց կարևոր է, որպեսզի իրանական բեռնատարները գնան հենց Սյունիքի մարզով և ցամաքային ճանապարհով։ Այդ ամենը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարևորություն ունեն, յուրաքանչյուր իրանական բեռնատարի անցում Սյունիքով ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին, թե որքանով է Սյունիքը կարևոր Հայաստանի համար»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։
168.am