Արցախի ԱԳՆ հայտարարությունը հունվարի 10-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ
Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։
«Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։
Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»,-նշվում է հաղոդրագրության մեջ։
Armeniatoday.news