Ի՞նչ կատարվեց Ղազախստանում, և ինչո՞ւ են դժգոհ թուրք-ադրբեջանական ուժերը
Տարեսկզբից Ղազախստանում ծավալված լրջագույն ներքաղաքական բախումները՝ ահաբեկչական տարրերի կիրառմամբ ու ներիշխանական բախումներով, ստվերել են հետսովետական տարածքում տեղի ունեցող մի շարք այլ իրադարձություններ: Հեղուկ գազի թանկացման դեմ սոցիալական դժգոհության ալիքը ժամերի ընթացքում վերափոխվեց զինված բախումների, և ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի ունեցավ առանց քաղաքական առաջնորդների, ելույթների, հանրահավաքային ռեժիմների: Ղազախստանյան իրադարձությունները դեռ երկար կվերլուծվեն, քանի որ Ղազախստանը հետսովետական տարածքի ամենափակ, ներքաղաքական առումով ամենախնդրահարույց և ամենաբարդ երկրներից մեկն է, որի աշխարհաքաղաքականությունը ևս բարդ է:
Շատ փորձագետներ գտնում են, որ միջինասիական «ապակին», ղազախական իրադարձություններով պայմանավորված, ճաք տվեց ու այս ամենը չի կարող շարունակություն չունենալ թե՛ Ղազախստանում, թե՛ Ղազախստանի սահմաններից դուրս: Եվ սա միայն սկսվող քաոսի սկիզբն էր:
Ղազախստանում այսօր համազգային սուգ է հայտարարվել, քանի որ ոչ պաշտոնական տվյալներով՝ արյունալի բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի: Կա շուրջ 8000 ձերբակալված և ավելի քան 100 քրեական գործ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևն այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ տեսակոնֆերանսի ընթացքում մանրամասնորեն ներկայացրեց Ղազախստանում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ երկիրը լայնածավալ ճգնաժամ է ապրել հունվարի սկզբին, այն ամենածանրն է դարձել երկրի անկախության ողջ պատմության ընթացքում:
Նա ակնարկեց, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները վաղուց են նախապատրաստվել:
«Տեղի են ունեցել հանրահավաքներ, որոնց մասնակիցները սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պահանջներ են առաջադրել, դրանք բոլորը լսվել և կատարվել են պետության կողմից»,- հայտարարեց Տոկաևը:
Սակայն, ըստ նրա, Ղազախստանում ահաբեկիչները ձգտում էին զավթել իշխանությունը:
«Թեժ փուլ սկսվեց և գործողության մեջ մտան զինված գրոհայինների խմբեր, որոնք սպասում էին իրենց ժամին։ Ակնհայտ դարձավ գլխավոր նպատակը՝ սահմանադրական կարգի տապալումը, կառավարման ինստիտուտների փլուզումը, իշխանության զավթումը։ Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է»,- նշեց նա: Տոկաևը հայտարարեց, որ ահաբեկիչների հիմնական հարվածն ուղղված էր Ալմաթիի դեմ, քաղաքի անկումը ճանապարհ կբացեր դեպի հարավ, իսկ հետո կհանգեցներ ամբողջ Ղազախստանի գրավմանը:
Ղազախստանի դեմ սանձազերծվել էր ահաբեկչական պատերազմ՝ կառավարվող մեկ կենտրոնից, մշակված մինչև անգամ տարիներով, որը, նրա համոզմամբ, հետաքննությունը կբացահայտի:
Նա նաև գտնում է, որ իրավիճակը կայունանում է երկրի իրավապահների, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմի գործադրման արդյունքում:
Ինչպես հայտնի է, Տոկաևի պաշտոնական դիմումի համաձայն, ՀԱՊԿ անդամ երկրների ուժերից բաղկացած ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայվեցին Ղազախստանում՝ կայունացնելու երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Այսօր ՀՀ նախագահությամբ ընթացող ՀԱՊԿ տեսակոնֆերանսի ընթացքում ՀԱՊԿ ղեկավարները գոհունակություն հայտնեցին իրենց առաջին խաղաղապահ օպերացիայի կապակցությամբ, կարևորելով ավելի օպերատիվ կերպով իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ձևավորումը և ուշադրություն հրավիրելով նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա այլ խնդիրների ու պահանջների վրա: Հայկական թեմատիկան ավանդույթի համաձայն այս կառույցում քննարկման ենթակա չդարձավ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ օգտագործվել են Մայդանին բնորոշ ուժային և տեղեկատվական տեխնոլոգիաներ։
Ըստ նրա՝ օգտագործվել են լավ կազմակերպված և լավ վերահսկվող գրոհայինների խմբեր, որոնք պատրաստվել են արտերկրի ահաբեկչական ճամբարներում։ Վլադիմիր Պուտինը նշեց, որ խաղաղապահ զորակազմը, անկասկած, դուրս կբերվի Ղազախստանի տարածքից։
«ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող բազմամյա, ես ցանկանում եմ ընդգծել դա՝ մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի, ներառյալ, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ երկարամյա քրտնաջան աշխատանքն արդյունք է տալիս»,- ասաց ՌԴ նախագահը՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ համարելով արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու միջոցների մշակումը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս գտնում է, որ նման իրավիճակներին պետք է անմիջապես արձագանքել կտրուկ կերպով և մտածել տարածաշրջանում այլ թույլ կետերի, այլ երկրների պահանջների մասին, ինչպիսին, օրինակ, Տաջիկստանն է:
Միևնույն ժամանակ հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը՝ Վաշինգտոնը, Բրյուսելը, սա չեն համարում ահաբեկչական վտանգ, այլ կողմերին կոչ են անում խաղաղ բանակցությունների, չեն ողջունում Ղազախստանի նախագահի՝ անմիջապես կրակ բացելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմելու և ՀԱՊԿ-ից խաղաղապահ կոնտինգենտ ստանալու որոշումը:
Թուրքիայում և Ադրբեջանում հիասթափություն է, քննադատություններ, քանի որ իրավիճակը Ղազախստանում փոխվել է ՀԱՊԿ միջամտության արդյունքում:
Մի շարք թուրք գործիչներ և թուրքական ազդեցության վերլուծաբաններ պնդում են, որ Ղազախստանում իրավիճակի հետ կապված թյուրքական աշխարհն անհրաժեշտ քայլեր չի իրականացրել, և, որ ՌԴ-ն զորք է տեղակայել ու անդառնալի ազդեցություն հաստատել Ղազախստանի նկատմամբ։
Օրինակ, Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն նշել էր, թե Ղազախստանի ինքնիշխանությունը և կայունությունը պետք է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը լինի:
Նա նաև անհանգստացնող էր համարել Ղազախստանի կողմից իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ-ին դիմելը, որը նախագահում է Հայաստանը։ Այնուամենայնիվ, թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն Ղազախստանում տիրող իրավիճակի հարցով։ Եղավ տեղեկատվություն նաև այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ:
Քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել 2022 թ. հունվարի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ կքննարկվեն Ղազախստանի իրադարձությունները: Այս հանդիպումը ևս կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դժվար է թերագնահատել ղազախստանյան իրադարձությունների կարևորությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս փուլում, քանի որ այդ իրադարձություններում դերակատար է Ռուսաստանը, Թուրքիան և թյուրքախոս երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Արևմուտքը, Չինաստանը և այլք:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ղազախստանում իրադարձություններն ունեն ներքին ու արտաքին պատճառներ:
Ըստ նրա, երկրում կային ներքին խնդիրներ, ակնկալիքներ, որ կենսամակարդակը երկրում բարձրանալու է, բարեփոխումներ են լինելու, որոնք կրկին նպաստելու են կենսամակարդակին, քաղաքականությունը նորմալ հուն է տեղափոխվելու:
Մյուս կողմից, Ռաևսկու կարծիքով, հետսովետական բոլոր երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում Արևմուտքը բարեհաջող աշխատել է իր ՀԿ-ների միջոցով:
Վերլուծաբանի կարծիքով, հետսովետական այլ երկրներում տեղի ունեցած համանման իրադարձություններում նկատվում է արևմտյան միևնույն տեխնոլոգիաները, երբ որոշ ուղղորդվող ուժեր միանգամից վերահսկողություն են սահմանում բողոքի նկատմամբ, սկսում այն կառավարել, իսկ այս դեպքում այդ ամենի հետ՝ ահաբեկիչներ:
«Ես իմ հարցազրույցներում խոսել եմ Կենտրոնական Ասիային սպառնացող ահաբեկչական վտանգների և թյուրքական սպառնալիքի կապի մասին, որն ակտիվացավ աֆղանական իրադարձություններից հետո, երբ թալիբները եկան իշխանության: Այս գործոնը ևս պետք չէ թերագնահատել, և, կարծում եմ, այդ գործողությունները բխում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերից: Տասնամյակներ շարունակ ես խոսել եմ թյուրքական ընդլայնվող ազդեցությունից ՌԴ-ում և ՌԴ-ին հարևան երկրներում: Ներկայումս դատելով ՀԱՊԿ քայլերի արագությունից՝ չեմ կարծում, թե այդ սպառնալիքի գիտակցումը չկա:
Կարծում եմ՝ որոշում է կայացվել խաղալ այս սպառնալիքները չեզոքացնելով, դասեր քաղելով հետսովետական տարածքում տեղի ունեցող իրադարձություններից: Թուրքական կողմից հնչող բողոքները ևս հասկանալի են, քանի որ նրանք էին ցանկանում հայտնվել միջնորդողի դերում, ստանալ հավելյալ շահեր իրավիճակից: Այս ամենի ֆոնին անընդհատ շահարկում են Ղարաբաղի հարցը, պատերազմի հետևանքով Անդրկովկասում ստեղծված իրավիճակը, երևի թե փորձելով դա պրոյեկտել նաև Միջին Ասիայի վրա․ այս փուլում դա չհաջողվեց, բայց իրադարձություններն այսքանով չեն ավարտվում»,- ասաց նա:
Ըստ նրա, թյուրքախոս երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի ընթացքում լուրջ որոշումների կայացման հավանականությունը շատ քիչ է:
«Կարծում եմ՝ պետք է որոշ հարցեր պարզապես քննարկել, որոշումներն արդեն կայացված են, սակայն եթե ՀԱՊԿ-ը ուշանար, ամեն բան այլ ընթացք էր ունենալու»,- նկատեց ռուս թուրքագետը:
Հարցին՝ ինչո՞վ է կարևոր այս ամենը Հայաստանի համար, վերլուծաբանը պատասխանեց, որ կարևոր է այնքանով, որ Ղազախստանը Հայաստանից այնքան էլ հեռու երկիր չէ, գտնվում է ինտեգրացիոն նույն կառույցներում, անվտանգային նույն համակարգում և առնչվում է այն նույն կենտրոններին, ինչ Հայաստանն է առնչվում իր զարգացման ներկայիս փուլում:
«Իրականում որքան էլ հետսովետական բոլոր իրադարձությունները տարբեր են, մեծ նմանություններ ունեն, ուստի այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում կամ Հայաստանում, չի կարելի դիտարկել՝ որպես առանձին գործընթաց, քանի որ դա մեծ խճանկարի մի հատվածն է, իսկ նկարը երևում է միայն ամբողջը դիտարկելիս, որում կարևոր են առաջին ճակատում Թուրքիան և Ռուսաստանը՝ իրենց գործընկերներով»,- նշեց վերլուծաբանը:
168.am