ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված ռուս խաղաղապահները ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքեր են տեղակայել Ալմաթիի օդանավակայանում։

Ինչպես գրում է Russia Today-ը, անօդաչու սարքերը կօգտագործվեն օդանավակայանի շրջակայքը վերահսկելու համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել։ Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հայտնել էր, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը կավարտվի առավելագույնը մեկ շաբաթից, որից հետո բոլոր օտարերկրյա զինվորականները կլքեն երկիրը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն: Նրանք կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացում»,- ասել է Տոկաևը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի վաղ ասել էր, որ խաղաղապահները երկիր են բերվել «կարճ ժամկետով»՝ մի քանի օրով կամ մի քանի շաբաթով։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են տարեսկզբին՝ կառավարության՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ը հայտարարել է երկրում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ։ Նախագահը անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն