Իսրայելի «Մոսադ» ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացող Յոսի Քոհենն ամենաուղիղ կերպով խոստովանել է, որ Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումների, ինչպես նաև միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ետևում կանգնած է Թել Ավիվի ռեժիմը, հայտնում է BBC լրատվականը՝ հղում տալով տեղական Channel 12-ի եթերում հրապարակված փաստագրական ֆիլմին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, սա հստակ ազդանշան է եղել մյուս միջուկային փորձագետներին, որ նրանք նույնպես կարող են թիրախում հայտնվել: 

Անցյալ շաբաթ «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնից հեռացած Քոհենը խոսել է 2018 թվականին Իրանի միջուկային արխիվից տասնյակ հազարավոր փաստաթղթեր Իսրայել տեղափոխելու մասին, ինչպես նաև անդրադարձել է  Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտի վրա հարձակումներին ու միջուկային գիտնականի սպանությանը։ Իրանի միջուկային արխիվի գողության մասին 2018 թվականին խոսել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ասելով, որ այնտեղ հստակ նշված է, որ Իրանը մեկ անգամ փորձել է միջուկային զենք արտադրել։ Այս մասին Քոհենն ասել է, որ գործողությունը ծրագրելու համար 2 տարի է պահանջվել։

Լրատվականը նշել է, որ տվյալ հարցազրույցը հաշվարկված է եղել և հրապարակվել է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունների ֆոնին՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ «Մոսադ»-ը պատրաստ է թշնամու թիկունքում գործել։

Քոհենը հարցազրույցի ընթացքում խոսել է նաև Նաթանզի միջուկային օբյեկտի մասին, որտեղ 2020 թվականի հուլիսին հրդեհ էր բռնկվել, որի համար իրանական կողմը մեղադրել է Իսրայելին։ Քոհենը պնդել է, որ շատ լավ գիտի Նաթանզի միջուկային օբյեկտի նկուղները և կարող է ուղեկցել հաղորդավարին։

Անդրադառնալով միջուկային գիտնականի սպանությանը՝ Քոհենը չի հաստատել և չի հերքել այդ գործում Իսրայելի մասնակցությունը, սակայն նշել է, որ նա երկար տարիներ թիրախ է եղել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն