«Ժողովուրդ». Պոլիէթիլենային տոպրակները ոչ թե արգելվել են, այլ՝ թանկացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները: Ավելի քան 10 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է։ Նշենք, որ օրենքն ընդունվել է դեռեւս 2020 թվականի գարնանը, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը, բայց, չնայած սրան, տոպրակները դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։
Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ էլ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու մայրաքաղաքում տոպրակների խնդիրը: Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղաբալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա: Հիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռք բերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ հնարավոր չէր այդ ամենի մասին մտածել մինչեւ հունվարի 1-ը, ձեռք բերել այդ սարքերը, ստուգաչափել, Արթուր Ղաբալյանը պատասխանեց. «Վերահսկող մարմինը պետք է տեղյակ լիներ եւ նախապես պատրաստվեր: Եթե օրենք է ընդունվում, բնականաբար այն մշակման ընթացքում համաձայնեցվում է համապատասխան լիազոր մարմինների հետ: Այդ դեպքում լիազոր մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Մենք լրացուցիչ իրազեկում ուղարկել ենք արդեն հունվարին, բայց կարծում եմ՝ լիազոր մարմինները պետք է արդեն տեղյակ լինեին փոփոխություններից»:
Իսկ այս դեպքում լիազոր մարմինները համայնքապետարաններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Hraparak.am