Իրանը վերադարձնում է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում
Իրանը ուրբաթ օրը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այն բանից հետո, երբ նվազագույն վճարում է կատարել որպես ՄԱԿ անդամավճար եւ «հարձակվել» է Միացյալ Նահանգների վրա պատժամիջոցների պատճառով, որոնք խանգարում էին նրան հասանելի դարձնել օտարերկրյա բանկերում պահվող միլիարդավոր դոլարները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Իրանը մուծել է նվազագույն գումարը՝ 16 251 298 դոլար, եւ կարողացել է քվեարկել ուրբաթ օրվա ընտրություններում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամների օգտին։ Նա շնորհակալություն է հայտնել տարբեր վայրերի բանկային եւ կառավարական մարմիններին, ներառյալ Հարավային Կորեային, այն բանի համար, որ նրանք թույլ են տվել վճարում կատարել։
Իր Թվիթերում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին ասել է. «ԱՄՆ անօրինական պատժամիջոցները ոչ միայն զրկել են մեր ժողովրդին դեղամիջոցներից, դրանք նաեւ խանգարել են Իրանին վճարել մեր պարտքերը ՄԱԿ-ին։ Ավելի քան 6-ամսյա աշխատանքից հետո ՄԱԿ-ն այսօր հայտարարեց, որ ստացել է այդ միջոցները։ Բոլոր անմարդկային պատժամիջոցները պետք է անհապաղ հանվեն»։
Իրանը ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին, եւ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 2-ին տարածված նամակում հայտնել էր, որ Թեհրանը չի վճարել նվազագույնը եւ նախկինի պես չի կարող քվեարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հետ միասին։