Ստամբուլում ձերբակալվել է ԻՊ-ի անդամներից մեկը, որին մինչև 39 տարվա ազատազրկում է սպառնում
Ստամբուլում Թուրքիայի անվտանգության ծառայությունները բերման են ենթարկել Եգիպտոսի 22-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, հայտնում է Ahval թերթը։
Տեղական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ` տղամարդը 32 տարեկան է, նրան նույնացրել են Մուսթաֆա Աբդուլուահափ Սոֆի Մահմութի հետ։
Մահմութը պայթուցիկ նյութեր է պատրաստում և ԻՊ անդամների հետ առցանց դասընթացներ վարում։ Հայտնի է, որ Մահմութը 2019 թվականին Սիրիայում ԻՊ-ի նահանջից հետո վերադարձել է Եգիպտոս, ապա անցել Թուրքիա։
Թուրք դատախազը տղամարդու և 3 այլ անձանց համար պահանջել է 22,5 տարվա ազատազրկում։ Մյուսները Սիրիայի քաղաքացիներ Նուրեդդին Ալխեդերը, Սուլեյման Ասսանին և Ահմադ Ասսանին են:
Sözcü թերթի պնդմամբ` Մահմութին սպառնում է 39 տարվա ազատազրկում՝ ահաբեկչական կազմակերպության անդամակցության, ինչպես նաև արգելված նյութեր պահելու և տեղափոխելու համար:
Նյութը՝ Tert.am