Հայաստանում մեծանում է պայմանական իմաստով նոր սերնդի երկու շերտ: 

Մեկը՝ դեռահասներ, պատանիներ, երիտասարդներ, որոնք բնույթով կոնֆլիկտային չեն, «գենետիկորեն» հակված են ոչ թե այլ անձի վրա ինքնահաստատվելու, այլ խաղաղ համակեցություն հաստատելու նպատակով մարդ-սուբյեկտ փնտրելու, զրույցի հետաքրրքիր թեմաներ փնտրելու, նոր թեմաներ գտնելու, թեմաների մեջ նոր երանգներ բացելու եւ այլն: Բնորոշումներս բնականաբար պայմանական են, մշակութաբանության կամ մարդաբանության տեսանկյունից ոչ մասնագիտական:

Մյուս շերտը՝ վաղ դեռահասության շրջանից սկսած ինքնահաստատվելու համար մարդ-օբյեկտ փնտրող, կոնֆլիկտի առիթներ գտնող, գտնելուց հետո ձեռքը միանգամից դանակին, ատրճանակին կամ «բիտային» տանող, այդ ամենը պահելու համար մեքենայի մասին երազող, երազանքը «ստանալուց» հետո մյուսներին իր «գազավատների» ու «ճռիկների» ձայնով երազել խանգարող:

Ընդ որում, իհարկե հպանցիկ դիտարկումներով եզրակացնեմ,  որ արժեմշակութային իմաստով այդ շերտի հատկանիշ կրողները միայն տղաները չեն, այլ նաեւ բավականին մեծ թվով աղջիկներ: 

Պետությունն իհարկե սահմանադրական պարտավորություններ ունի երկու պայմանական շերտի հանդեպ էլ հավասարապես: Միաժամանակ, պետությունը թերեւս պարտավոր է վարել քաղաքականություն, որը ավելի ու ավելի կնեղացնի նշածս երկրորդ շերտի դրսեւորման միջավայրը եւ կընդլայնի առաջինի դրսեւորման տարածությունը: Եվ բնականաբար առաջնայինը կրթական քաղաքականությունն է: Բայց, այստեղ պատասխանատվությունը միայն պետության դաշտում դիտարկելը թերեւս թերի է:

Կարծում եմ հիմնարար հարցն այն է, թե ինչ պետք է անի այստեղ ընդհանրապես հասարակական, քաղաքական դաշտ կամ էլիտա համարվող շրջանակը: Այստեղ պատասխանատվության աստիճան ու սահմաններ մեզանում ձեւավորված կամ ձեւակերպված չեն եղել ու շարունակում են չլինել: Իսկ իրենց պատասխանատու համարել ու համարում են խիստ հազվադեպ ուժեր կամ թերեւս նույնիսկ միայն գործիչներ:

Հետեւանքը այն է, որ առաջին շերտի մի զգալի մաս ժամանակի ընթացքում Հայաստանում զգում է տարածության նեղությունն ու մտածում է հեռանալու մասին: Փոխարենը որոշակի կայունությամբ «լեն ու բոլ» իր տարածությունը գտնում է երկրորդը: Որովհետեւ, մենք առաջին շերտի միջավայրի ընդլայնման համար պատասխանատվության տարածությունը սահմանափակել ենք միայն պետական-իշխանական մակարդակում, հանրային-քաղաքականը ըստ էության ազատելով դրանից:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն