Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն