Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է առևտրային սրահներում առանձնացված դարակաշար հատկացնել ոչ մաքուր կաթից արտադրված կաթնամթերքի համար, որպեսզի սպառողները կարողանան հեշտությամբ տարանջատել մաքուր կաթնամթերքը՝ այլ յուղերով պատրաստված կաթնամթերքից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«ԱԺ մեր գործընկերները հարց էին բարձրացրել, որ փոքր խանութներում դա տեխնիկապես հնարավոր չէ, և չնայած թիմի ներսում կան տարբեր կարծիքներ, մենք համաձայն ենք ԱԺ-ի մեր գործընկերների հետ, առաջինից երկրորդ ընթերցման արանքում կդիտարկենք առևտրային սրահի այն նվազագույն չափը, որից բարձրի դեպքում արդեն խանութները պարտավոր կլինեն ունենալ առանձնացված դարակաշարեր։ Սա, բնականաբար, դուր չի գա տնտեսվարողներին, մանրածախ առևտրով զբաղվողներին, բայց քանի որ մենք մեր աշխատանքում պետք է բալանսավորենք սպառողների և բիզնեսի շահերը և նաև հաշվի առնելով, որ այսպիսի կարգավորումներ կան ԵԱՏՄ-ում, այս միջին բալանսավորված որոշումով գնալու ենք առաջ»,-ասաց նա։

Անդրադառնալով ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում հնարավոր բարձր տնտեսական ակտիվությանը՝ Քերոբյանը նշեց․ «Ես  մի կես կատակ արտահայտություն ունեմ` հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի և այն մարդը, ով պետք է գար, 10 րոպե ուշացավ, եկավ, ասաց խցանում էր, դրա համար ուշացավ, մի բան, որ  երբեք Հայաստանում հունվարի 3-ին չէր եղել։ Կարծում եմ, որ այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք առույգ կսկսենք տարին։

Նա հաստատեց, որ  խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են։

 «Շատ հաճախ շփվում եմ մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների հետ, բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա։ Պետք է սպասել թվերին, բայց ես շատ վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ տվել ենք այդ նախագծի հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,-ասաց նա։

Խոսելով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման և դրա արդյունքում տեղական արտադրողներին արտոնություններ տալու հարցի մասին՝ Վահան Քերոբյանը նշեց. «Կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, այդտեղ առաջնորդեցին քաղաքական նկատառումները, որպես տնտեսության համար պատասխանատու մարմին պետք է ուշի ուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերութլուններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում բացվել են և այնպես անենք, որ իրենց կայացումը չվտանգվի։ Եթե տեսնենք, որ խնդիրներ կան և ներդրողների բիզնեսը վտանգված է, չի կարողանում մրցակցել թուրքական ներկրումների հետ, անպայման որոշակի ծրագրեր կներդնենք։

Անձամբ ես կողմնակից եմ եղել արգելքի երկարացմանը, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասնական այսպիսի որոշում է կայացրել։

Եթե խոսում ենք խաղաղության մասին պետք է հասկանալ, որ այն ունի շատ մեծ գին և այդ գինը հայ ժողովուրդը վճարել է վերջին 30 տարվա ընթացքում։ Դրա պատճառով է, որ մենք ունենք ահռելի խնդիրներ կրթության, առողջության, ենթակառուցվածքներում։ Այդ խաղաղության բացակայության պատճառով Հայաստանը հնարավորություն չի ունեցել զարգանալ այնպես, ինչպես մրցակից այլ երկրները, որտեղ երկարաժամկետ խաղաղություն է եղել։ Այդ մրցակցային անհավասարությունը ուղղելու և հայ ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն