Մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ նախատեսվող փոփոխությունները․ «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ ենք առաջարկում, որի համաձայն՝ մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից կազատվի։ Սա պետության վրա տարեկան նստելու է ընդամենը 100 մլն դրամ, բայց մենք կարծում ենք, որ իր տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ, ինչպես, օրինակ, եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը հանեցինք։ Դեպի Եվրոպա գինու արտահանման համար սերտիֆիկատի համար անհրաժեշտ էր վճարել 35 հազար դրամ։ Այդ վճարը հանելուց հետո 2021 թվականին մոտավորապես 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա։ Կարծում ենք, որ սա շատ լուրջ խթան կհանդիսանա փոքր ու միջին ձեռնարկությունների համար՝ անկաշկանդ արտահանում անելու համար»,- ասաց Քերոբյանը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՊԵԿ դիտարկումը հետևյալն է՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով և մինչև 1 մլն դրամի գործարքները պետական տուրքից ազատելու հետ կապված խնդիր են տեսնում։ «Մեր կարծիքը հետևյալն է՝ եթե ուզում ենք ՓՄՁ արտահանմանը խրախուսել, կարող ենք իրականացնել թիրախային տնտեսական միջոցառումներով։ Իսկ այս դեպքում ստացվում է, որ կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանում, բայց իրականացնել բաշխում տարբեր սուբյեկտների միջև։ Այսինքն՝ եթե սուբյեկտն իմանա, որ մինչև 1 մլն-ն արտոնության տակ է, հնարավոր է վերաբաշխում իրականացնեն և ամեն փոխադրումն արհեստականորեն տեղավորեն այս արտոնության տակ։ Այսինքն՝ այս փոփոխությունը տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել, 10 մլն-ի արտահանում պետք է անեն, կանեն 10 առանձին փոխադրում»,- ասաց Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք գրել ենք, որ արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, հետո արտահանման վրա տուրքեր ենք բերել դասավորել։ Ընդ որում, դեպքեր կան, որ երբ մենք ուզում էինք տուրք սահմանել, շատ մեծ աղմուկ էր բարձրանում։ Երբ մենք հանքանյութի վրա ուզում ենք տուրք սահմանել, ասում են՝ վայ, էս ինչ եք անում, ոնց կարելի է։ Հիմա պարզվում է, որ մենք Հայաստանում ստեղծված, ամբողջությամբ արտադրական ցիկլով անցնող արտադրանքի վրա արտահանման տուրք ենք սահմանել։ Մեկը կարո՞ղ էինձ բացատրել, եթե մենք ուզում ենք արտահանումն անընդհատ խթանել, ինչո՞ւ ենք այդպիսի տուրքեր սահմանում»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշոր տնտեսավարողներին ևս պետք է խրախուսել․ «Ես հիմա սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն եմ տալիս։ Ասում եմ՝ նայեք էլ որտեղ տեղ կա, պարտադիր չէ փոքրին խրախուսենք, կարող է տեղ կա, խոշորին էլ ասենք՝ քեզ արտահանման տուրքից ազատում ենք, որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատետեղեր կստեղծվեն և այլն։ Եթե ուզում ենք արտահանմանը միտված տնտեսություն ստեղծել, ուրեմն ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի։ Մենք ասում ենք՝ ամեն տարի 7 տոկոս տնտեսական աճ պետք է ունենանք, բա ո՞նց պետք է ունենանք, եթե մարդկանց չենք թողնում արտադրեն, արտահանեն»։
Lragir.am