Իսրայելի խորհրդարանը կիրակի հաստատեց նոր կոալիցիոն կառավարությունը, որը վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղարկեց ընդդիմություն՝ ռեկորդային 12 տարվա պաշտոնավարումից և քաղաքական ճգնաժամից հետո, որի պատճառով երկու տարվա ընթացքում չորս ընտրություն անցկացվեց: Այս մասին գրում է Euronews-ը։

Փոքր ուլտրաազգայնական «Յամինա» կուսակցության առաջնորդ և երկրի նախկին պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը, որը Քնեսեթում ունի ընդամենը 7 տեղ, երդվեց վարչապետի պաշտոնում։ Նա խորհրդարանում ստացել է 60 կողմ, 59 դեմ ձայներ: Բայց եթե նա ցանկանում է պահպանել պաշտոնը, ապա ստիպված կլինի պահպանել կուսակցությունների կոալիցիան՝ աջից, ձախ և կենտրոնամետ ուժերից:

8 կուսակցությունները, ներառյալ արաբական մի փոքր խմբակցությունը, որը պատմություն է կերտում իշխող կոալիցիայում, միավորվեցին ընդդեմ Նեթանյահուի, բայց շատ քիչ բանում են համաձայն միմյանց հետ: Նրանք հավանաբար հետամուտ կլինեն համեստ օրակարգի, որը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը պաղեստինցիների հետ և լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ՝ առանց որևէ լուրջ նախաձեռնությունների։

Քվեարկության ժամանակ Նեթանյահուն լուռ նստել էր: Այն հաստատելուց հետո նա ոտքի կանգնեց, որ դուրս գա, սակայն շրջվեց և սեղմեց Բենեթի ձեռքը: Հիասթափված Նեթանյահուն, հագնելով սև բժշկական դիմակ, կարճ ժամանակ նստեց ընդդիմության առաջնորդի աթոռին՝ նախքան դուրս գալը:

Նեթանյահուն, որին դատում են կոռուպցիայի համար, շարունակում է մնալ խորհրդարանի ամենամեծ կուսակցության ղեկավարը և ակնկալվում է, որ նա եռանդուն պայքար է տանելու նոր կառավարության դեմ: Եթե միայն մեկ խմբակցություն նոր կոալիցիայից դուրս գա, ապա այն կկորցնի մեծամասնությունը և կարող է հայտնվել փլուզման վտանգի տակ՝ Նեթանյահուին հնարավորություն տալով վերադառնալ իշխանության:

Նոր վարչապետ Բենեթի ելույթը խորհրդարանում հիմնականում վերաբերում էր ներքին խնդիրներին, բայց նա դեմ արտահայտվեց համաշխարհային տերությունների հետ Իրանի միջուկային գործարքը վերակենդանացնելու ԱՄՆ ջանքերին:

«Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը զինվի միջուկային զենքով», - ասաց Բենեթը՝ խոստանալով պահպանել Նեթանյահուի առճակատման քաղաքականությունը:

Այնուամենայնիվ, Բեննեթը շնորհակալություն հայտնեց Նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ-ին՝ Իսրայելին ցուցաբերած տասնամյակների աջակցության համար:

Նեթանյահուն, խոսելով նրանից հետո, խոստացավ վերադառնալ իշխանության: Նա կանխատեսեց, որ եկող կառավարությունը թույլ կլինի Իրանի հարցում և կընդառաջի ԱՄՆ պահանջներին՝ պաղեստինցիներին զիջումներ կատարելու հարցում։

«Եթե մեզ վիճակված է լինել ընդդիմություն, մենք դա կանենք մեր մեջքն ուղիղ՝ մինչև տապալենք այս վտանգավոր կառավարությունը և վերադառնանք երկիրը մեր ճանապարհով տանելուն», - ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն