«Մեկ տարուց ավելի է՝ կարծիքս չեմ փոխել․ կոնկրետ Խծաբերդում տղաներին հենց մեր իշխանությունն է հանձնել». Կարապետ Պողոսյան
Արդեն մի քանի օր է, լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Հայաստան հայ ռազմագերիների նոր խումբ կվերադառնա, և նշվում է, որ գերիների այս խումբը Շիրակի մարզից է։
168.am-ը իրավապաշտպան Կարապետ Պողոսյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ տեղեկություններ ունի գերիների վերադարձի վերաբերյալ։
«Այդ տեղեկատվությանը ծանոթացել եմ սոցցանցերում, պաշտոնական կամ արժանահավատ որևէ լրատվամիջոցում տեղեկության ծանոթ չեմ։ Հետևաբար, որևէ հստակ բան չեմ կարող ասել՝ գերիներ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանությունները բավարար ու համապատասխան գործողություններ չեն իրականացնում։
«Մեկ տարուց ավելի է՝ կարծիքս չեմ փոխել, որովհետև կոնկրետ Խծաբերդում տղաներին հենց մեր իշխանությունն է հանձնել, որպես երևի երաշխիք, որով Ադրբեջանի իշխանություններին ցույց կտան, որ իրենք հավատարիմ են նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթին։ Այս ընթացքում մենք տեսանք, որ մեր գործող իշխանությունները մշտապես փորձում էին գերիների թեման օգտագործել՝ ներքաղաքական իրենց հարցերը կարգավորելու համար։ Բոլորդ էլ տեսաք, թե մի քանի օր առաջ Կառավարությունն ինչպիսի վերաբերմունք ցույց տվեց գերիների հարազատներին, ովքեր Կառավարության շենքի մոտ խաղաղ բողոքի ցույց էին անում, այդ արհամարհական վերաբերմունքն արդեն շատ բաների մասին է խոսում։ Նոյեմբերի 16-ից հետո էլ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ գերիների նկատմամբ արդեն պետք է քրեական գործեր հարուցվեն, սա արդեն խոսում է իշխանության կողմից ձեռքերը լվանալու և հետ քաշվելու մասին»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Նա անդրադարձավ նաև Ալիևի՝ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցին՝ նշելով, որ նրա բոլոր հայտարարություններն իրենց մեջ պարունակում են մեծ վտանգ, որովհետև նա ավելի բացահայտ ձևով է արդեն խոսում իր հավակնությունների մասին՝ Արցախի ու Հայաստանի առնչությամբ։
«Ալիևը Հայաստանին պատերազմով է սպառնում՝ նշելով, որ Հայաստանում կան ռևանշիստական կազմակերպություններ, որոնք Ադրբեջանի համար վտանգ են ներկայացնում։ Այստեղ երկու կարևոր մեսիջ կա՝ նա ուզում էր ՀՀ իշխանություններին հասկացնել, որ բոլոր անհնազանդների նկատմամբ դրսևորեն հնարավորինս դաժան ու անօրինական վերաբերմունք։ Միաժամանակ համարելով, որ Հայաստանն Ադրբեջանի համար սպառնալիք է, խոսեց նրա մասին, որ «խաղաղության դարաշրջան», որպես այդպիսին, չի լինելու։ Սրան զուգահեռ՝ ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան զորք ուղարկելը, հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից իրականացրած ագրեսիան ավելի են նվազեցնում հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հավանականությունը»,- շեշտեց Կ. Պողոսյանը։
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների թվին, որը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում՝ նշելով, որ ռազմական գաղտնիք է, Կարապետ Պողոսյանը նկատեց՝ ռազմական գաղտնիք կարող է համարվել այն փաստը, որոնք թշնամուն հայտնի չեն, կամ նա չպետք է դրա մասին իմանա։
«Միանշանակ այստեղ ռազմական գաղտնիք չի կարող լինել։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը թվերին չի տիրապետում, կամ հակառակը՝ տիրապետում են, և մեր գերիների թիվը շատ է, որպեսզի թիվ չհրապարակեն, իրենց արդարացնում են ռազմական գաղտնիքով։ Այդպիով փորձում են շեղել նաև ռազմագերիների ու անհետ կորած զինվորների հարազատներին»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը։
Զվարթ Խաչատրյան
168.am