ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո, գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախաշեմին և Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ փորձում է «լեզու գտնել» արևմտյան առաջնորդների հետ, գրում է The New York Times-ը։

Ինչպես նշում է պարբերականի հոդվածագիր Շարլոթ Բոլը, Թրամփի վարչակազմը վերջին չորս տարիների ընթացքում աչք է փակել Էրդողանի վարած քաղաքականության վրա, սակայն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահը քաջ գիտակցում է՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք իր քայլերն անհետևանք չեն մնալու։

«Էրդողանի գործերն այնքան էլ լավ չեն․ կորոնավիրուսի համավարակի և տնտեսության փլուզման հետևանքով նա այժմ կանգնած է ներքին լուրջ խնդիրների՝ աճող գնաճի և գործազրկության, ինչպես նաև արժեզրկված լիրայի առաջ, որը կարող է պարտքային ճգնաժամ առաջացնել։ Այդ պատճառով էլ Արևմուտքից խիստ անհրաժեշտ ներդրումներ ստանալու ակնկալիքով նա մի շարք հարցերի շուրջ մեղմացրել է իր դիրքորոշումը»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ արևմտյան առաջնորդներին սիրաշահելու համար Էրդողանը չեղարկել է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում գազի հետախուզությունը, «գործունեություն, որը բարկացրել էր ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»։

Մինչ այժմ Բայդենը խուսափել է Էրդողանի հետ հրապարակային տարաձայնություններից՝ փորձելով հարցերը լուծել ավելի ցածր դիվանագիտական մակարդակներում, կարծում է հովածագիրը՝ նշելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Բայդենը միայն մեկ անգամ է խոսել Էրդողանի հետ, որպեսզի տեղեկացնի՝ «Միացյալ Նահանգներն Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է ճանաչելու»։

«Թեև այդ լուրը նվաստացուցիչ էր Էրդողանի համար և նախորդ տարիներին դրան կարող էր հետևել զայրույթի պոռթկումը, նրա արձագանքը զուսպ էր»,- գրում է հոդվածագիրը։

Անկարան շատ է ցանկանում երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, այդ երկիրը նաև ձգտում է խուսափել ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցներից, որոնք սահմանվել էին ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելուց հետո։ Տնտեսական խնդիրները բացասաբար են անդրադարձել նաև Էրդողանի քաղաքական կարիերայի վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն