Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հայտարարարել էր, թե այն գիտնականները, որոնք ծառայել են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վռնդվելու են գիտական էլիտայից։

«Զինվորն իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, գիտության, կրթության ուժը։ Մենք հսկայական փոփոխություն ենք անում գիտության բնագավառում, և ասում եմ՝ այո, Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա։ Այն երիտասարդությունը, որն էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները։ Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ։ Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկելու ենք իրենց տները, թող գնան իրենց թոռներով զբաղվեն։ Իրենք այլևս այս ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն, զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելու, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելու»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ ասաց, որ  առհասարակ երկրի ղեկավարին հարիր չէ նման անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն անել։

«Այդ հայտարարությունը հիմքից սխալ է, սա ես մեղմ եմ ասում, այդպիսի հայտարարություն կարող է անել մարդ, որը չգիտի ո՛չ գիտության դերը, ո՛չ դրա նշանակությունը։ Կամ իրեն ո՞վ է թույլ տվել հայտարարել, թե գիտնականներին, որոնք, ըստ նրա՝ նախկիններին են ծառայել՝ կուղարկի տուն, վերջին հաշվով ինքն ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի մարդկային կյանքերի ու ճակատագրերի վրա։ Ո՞վ է ինքը, տեր Աստվա՞ծն է, թե ո՞վ է, ինչի՞ տեղ է դրել իրեն։ Ի՞նչ է նշանակում՝ գիտնականներին, որոնք ծառայել են նախկիններին, կուղարկեմ տուն, թող թոռնիկներին ու երեխաներին սովորեցնեն, իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից։ Ամբողջովին մերժելի է նման հայտարարությունը, սա ուղղակի մեզ համար ամոթ է, որ մեր ղեկավարը նման հայտարարություն է անում»,- նշեց Արամ Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ ինքը նախկինների ժամանակ էլ է զբաղվել գիտությամբ՝ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայոց պատմության մասնագետ է, և այն, ինչ գրել է, վերաբերում է այդ շրջանի հայոց պատմությանը և Անդրկովկասի պատմությանը։

«Կարծում եմ՝ նման հայտարարությունները լուրջ չեն, և պետք չէ դրանք լուրջ ընդունել, դա ուղղակի ինչ-որ տեղ նաև հուսահատ հայտարարություն է։ Նա ինչպե՞ս կարող է ինձ արգելի զբաղվել գիտությամբ։ Ենթադրենք՝ ինձ չֆինանսավորեց պետությունը, ենթադրենք՝ ամեն ինչ հասավ այնտեղ, որ իմ դրամաշնորհները վերցնեն, ո՞վ է ինձ ստիպելու կամ արգելելու, որպեսզի ես զբաղվեմ գիտությամբ։ Կամ՝ ո՞վ պետք է որոշի՝ ով է լուրջ գիտնական, ով՝ ոչ, դրա համար չափանիշներ գոյություն ունեն՝ հրատարակությունները, գիտական այն ներդրումն է, որն անում են այդ մարդիկ, գիտական հանրության գնահատականներն են այդ մարդկանց գործունեության, ինքը պատկանո՞ւմ է այդ գիտական հանրությանը, իհարկե ոչ։ Դա որոշողն ինքը չէ, այլ գիտնականները, ինքը կարող է ուղղակի այդ մարդկանց զրկել պետական ֆինանսավորումից, ոչ ավելին»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն