Եթե մի փոքր ավելի լուրջ, Ծառուկյանն ու իր փողերը՝ կուզի արձան դնի, ինչ կուզի թող անի իր փողերով: Գլխավորը, որ պատշաճ վճարվեն հարկերը:

Բայց, այստեղ գալիս ենք հարցի հակառակ կողմին՝ տնտեսական էլիտայի արժեհամակարգին ու աշխարհայացքին: Որեւէ մեկը հանրության առաջ չունի իր փողերի տնօրինման իրավական այլ պարտավորություն, քան հարկեր վճարելը, բայց տնտեսական վերնախավը ունի, պետք է ունենա հանրային պատասխանատվություն: Ու Գագիկ Ծառուկյանը էդ հանրային պատասխանատվությունը իրացնում է իր աշխարհայացքի ու արժեհամակարգի սահմաններում, որը բավական հայտնի է շատ վաղուց:

Սպասել, որ Ծառուկյանը փոխվելու է, կամ փոխելու է իր խորհրդատվական շրջանակը, անիմաստ է: 

Առանցքային հարցն այն է, մեզանում տնտեսական նոր վերնախավ ձեւավորվելու՞ է, որը կիրացնի իր հանրային պատասխանատվությունն այլ որակով ու բովանդակությամբ, որը կդնի հանրային միջավայր ու մտածողություն փոխելու խնդիր, այդ ամենը դիտարկելով ոչ զուտ կոմերցիայի պրիզմայով՝ այսինքն «իմ քյարը որն է» տրամաբանությամբ, իր շահը տեսնելով հենց այդ փոփոխությունը: Սա զուտ բարեգործության կամ լավության տրամաբանություն չէ: Այդ մոտիվը արդիական տնտեսական վերնախավը պետք է ունենա արժեհամակարգային մղումով, իր գործունեության միջավայրի վերաբերյալ մտահոգությամբ:

Եթե փոքր ինչ կոպիտ համեմատությամբ՝ կա մարդ, որին բացարձակ չի հուզում՝ ինքն աղբանոցում է աշխատում, կամ իր շուրջը թափթփված է ամեն ինչ, թե ոչ, եւ կա մարդ, որի համար անկարեւոր չէ, թե ինքը ինչ միջավայրում է աշխատում եւ որքան է շուրջը բարեկարգ, հավաք, կոկիկ: Սա կենցաղային համեմատություն էր, սակայն կարծում եմ մեծ հաշվով այդպիսին է իրավիճակը ավելի լայն իմաստով՝ կա՞, ձեւավորվու՞մ է կամ կձեւավորվի՞ տնտեսական արդիական վերնախավ, որին հետաքրքրում է հայաստանյան միջավայրն ու հանրային մշակույթը, որը պատրաստ է ներդրում անել նաեւ այդ ուղղությամբ, թե՞ ոչ:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն