Ներդրված մի շարք կարևոր մասնագիտություններ պատշաճ արձագանք չեն ունեցել. Ժաննա Անդրեասյան
Միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ վերջին տարիներին պետությունը որդեգրել է հետևողական քաղաքականություն, որը միտված է երկրի համար գերակա ուղղություն հանդիսացող մասնագիտությունների տեղերի ավելացմանը, և, ընդհակառակը, տնտեսության համար պահանջարկ չունեցող, սակայն, այսպես կոչված, «մոդայիկ» մասնագիտություններով պետպատվերի տեղերի կրճատմանը:
«Այս տարի ՀՀ կառավարության ծրագրում ՄԿՈՒ ոլորտում հատուկ խնդիր է սահմանված վերանայելու մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները՝ ըստ մարզերի: Այս հանդիպման նպատակն է քննարկել վերոնշյալ խնդիրը բոլոր շահագրգիռ կառույցների հետ և միասին հասկանալ՝ ինչպես վերանայել իներցիոն սկզբունքներն ու գնալ առավել բովանդակային և որակական փոփոխությունների։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ոլորտը ստանում է ֆինանսավորում, սակայն իրականացվող աշխատանքների արդյունքում, ցավոք, չենք ստանում այն մասնագիտական ներուժը, որի կարիքը ունենք»,- նշել է փոխնախարարը։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամեն տարի ներդրվում են նոր մասնագիտություններ, և դրանց ցանկը կազմվում է՝ ըստ տնտեսության կարիքների։ Նախարարի տեղակալը, սակայն, մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիներին մի շարք կարևոր մասնագիտություններ են ներդրվել, որոնք ընդունելության տեսանկյունից չեն ունեցել պատշաճ արձագանք. «Մի կողմից ակնհայտ է, որ կարիքը կա այդ մասնագիտության, և դիմորդը կարող է հետագայում ունենալ աշխատանքային կոնկրետ հեռանկարներ, սակայն մյուս կողմից` այդ համադրումը տեղի չի ունենում: Այս առումով ունենք մի շարք խնդիրներ իրազեկման, այդ ծրագրերը թիրախային լսարանին հասցնելու, նոր գործիքակազմի և առավել արդյունավետ մոտեցումների ներդրման և, առհասարակ, հասարակության լայն շերտերի համար ՄԿՈՒ հաստատությունների տեսանելիության բարձրացման»:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում ուսումնասիրում են, թե ըստ մարզերի՝ ուսհաստատություններն ինչ մասնագիտություններ են առաջարկում։ Նրա խոսքով՝ երբեմն հանդիպում են իրավիճակներ, երբ նույն համայնքում տեղակայված հաստատություններն ունեն նույն մասնագիտությունները, և դրանք թերբեռնված են:
«Գուցե այդ մասնագիտությունը տվյալ համայնքում անհրաժեշտ է պահել մեկ հաստատությունում, այդտեղ կենտրոնացնել լավագույն նյութատեխնիկական բազան և մասնագիտական ներուժն ու որակյալ կրթություն ապահովել։ Երբեմն առանձին հաստատության ներսում ուսուցանվող մասնագիտությունների ցանկը մեծ է, իսկ ուսանողների թիվը՝ բավական փոքր, և ակնհայտ է, որ այդ մասնագիտությամբ ուսուցումը չի կարող լինել որակյալ: Մեր նպատակն է հասնել մասնագիտությունների օպտիմալ տեղաբաշխման՝ ըստ հաստատությունների, և որպես առաջնահերթություն՝ ապահովել ՄԿՈՒ կրթության հասանելիություն բոլոր տարածաշրջաններում։ Մենք ամենևին չենք ցանկանում ամեն ինչ կենտրոնացնել մի տեղում և զրկել որևէ այլ տարածաշրջանի դիմորդի՝ ՄԿՈՒ կրթություն ստանալու հնարավորությունից, այլ ձգտում ենք մասնագիտությունների տեղաբաշխումը իրականացնել տարածքային համաչափ զարգացման սկզբունքով»,- վստահեցրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջետային հայտում մշակել և ներդնել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման մոտեցում, որը կարևոր է հասանելիության ապահովման տեսանկյունից՝ մասնագիտությունների կենտրոնացման և տեղաբաշխման ճիշտ սկզբունքով պայմանավորված։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընդունելության տեղերի կազմման նպատակով տարբեր կառույցներ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն այնպիսի առաջարկներ, որոնք կպարունակեն առավել բովանդակային և վերլուծական տեղեկատվություն ու կհենվեն մարզերում առկա կարիքների վրա:
Lragir.am