ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք առհասարակ դեմ չեն եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն հարցն այն է, թե ի՞նչ գնով ու ինչի՞ հաշվին:

«Մենք գտնում ենք, որ այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանելու ՀՀ շահերը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա կասեմ հետևյալը՝ նախկինում բանակցություններ են եղել նաև Ադրբեջանի հետ, բայց մենք զիջումներ ու կորուստներ չենք ունեցել: Թուրքիան նույն Թուրքիան է, բայց  պատերազմից հետո Հայաստանը նույն Հայաստանը չէ, հետևաբար՝ իրենք երկիրը տանում են նոր, վտանգավոր ցիկլի մեջ: Եթե առաջին դեպքում այդ բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ 2007  թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր գաղտնի բանակցում Թուրքիայի հետ, Իշխան Սաղաթելյանը նախ նկատեց՝ անկախ այն հանգամանքից, ՀՅԴ եղել է ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանության մաս է կազմել, իր տեսակետներում երբեք փոփոխություններ չի կատարել, քանի որ Դաշնակցությունը գաղափարախոսություն, ծրագրեր ու «կարմիր գծեր» ունեցող կուսակցություն է, ի տարբերություն ներկայիս իշխանության:

«Երբ մենք իմացել ենք այդ բանակցությունների մասին, մեր դիրքորոշումն արտահայտել ենք, մենք մշտապես եղել ենք նույն սկզբունքի տերը: Ինչ վերաբերում է այդ գաղտնի բանակցություններին, դրա մասին պարզ խոսվել է, նամակը նաև մամուլում հրապարակվել է: Նիկոլ Փաշինյանն այս պահին նման բովանդակությամբ նամակ կարող է ուղարկել Էրդողանին: Մենք 15 րոպեում որոշում ենք ընդունել, վայր ենք դրել բոլոր պաշտոնները և պայքարել ենք: Մենք դեմ ենք եղել, որովհետև այն, ինչ կատարվել է Քոչարյանի իշխանության տարիներին… մենք առհասարակ անցնող 30 տարվա մեջ ըմբռնումով ենք մոտեցել այդ քաղաքականությանը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու իմաստով: Սակայն որևէ զիջում, նախապայման մեր կողմից անհանդուրժելի է: Բայց այսօրվա իրողությունն ու իրավիճակը համեմատել այն ժամանակվա հետ՝ աբսուրդ է: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ զիջումները չեն եղել»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Շարունակելով միտքը՝ նա կարծիք հայտնեց, որ այդ նամակն այն ժամանակ պատմական քայլ է եղել, որի մեջ հստակ գրված է եղել, որ երկու պետությունների ներկան ու ապագան չեն կարող որոշել պատմաբանները, այլ պետք է որոշեն երկրները:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն