Ո՞վ է գլխավոր «շպիոնը»
Նոր տարվա գիշերը կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո հնչեցին Տարին ազդարարող զանգերը, եւ դրան անմիջապես հաջորդեց «երաժշտական շնորհավորանքը»՝ ռուսերեն բառերով թուրքական մուղամ: Հիմա տվեք անուն-ազգանուն՝ ո՞վ է նման բան հրահանգել, ո՞վ է որոշել, որ պետք է Արամյան արիական ազգի Նոր տարին ազդարարվի թուրքական մուղամով, տվեք անուն-ազգանուն… Սա էլ հո սահմանի հա՞րց չի, որ ասեն՝ խնդիրներ կան պարզաբանելու, մեզնից կախված չի եւ այլն:
Հիշո՞ւմ եք՝ ԱԱԾ-ն բռնել էր ինչ-որ մի վանաձորցի «շպիոնի»՝ մի ողորմելի կնոջ, ում ադրբեջանցիներն ինչ-որ մի 1000 դոլարով «վերբովկա» էին արել, եւ լուրերով փողհարում էին, թե տեսե՜ք ինչ «շպիոն» ենք բռնել: Բա այս մեկ «շպիոնն» ո՞վ է, ո՞վ է որոշել, հրահանգել, որ մեր ազգը Նոր տարին պիտի դիմավորի թուրքական մուղամով. ո՞վ է այս «շպիոնը», մի՞թե սա էլ է թաքնված... Իհարկե, պետությունը գիտի՝ ով է. տվե՛ք, տվե՛ք անուն-ազգանուն, էլ մի թաքցրեք... Հա՛, ի դեպ, հետաքրքիր է՝ այս «շպիոնին» թաքցնո՞ղն ով է... Տվե՛ք, սրա անուն-ազգանունն էլ տվեք... Տվե՛ք, իմանանք ե՛ւ հրահանգողի անուն-ազգանունը, ե՛ւ հրահանգողին թաքցնողի անուն-ազգանունը: Վերջապես համարյա թե գտել ենք գլխավոր «շպիոնին», որջը բացահայտված է՝ Հ1-ն է, եւ, ինչպես ասում են, մնացյալը տեխնիկայի հարց է...
Աջուձախ լսում ենք, թե Հայաստանում դրսի «թաքնված ուժեր» կան, որ վնասակար գործունեություն են ծավալում, երկիրը ներսից քանդում են, ահա՛, «դրսի ուժը» ինքն իրեն բացահայտել է, այն էլ՝ Նոր տարվա զանգերից անմիջապես հետո: Կարծեմ օրենք է դուրս եկել՝ հայհոյելու համար դատում են. ուրեմն ուշադիր գրանցեք. ո՞վ է այն բ-ի վաստակը, որ որոշել է, թե ես` իմ սուրբ հայրենիքում, սրբազան Արարատների դիմաց Նոր տարին պիտի դիմավորեմ թուրքական մուղամով...
Ի դեպ, իմ ծանոթներից ոմանք ինձ փորձում են համոզել, թե չի բացառվում, որ դա հենց վարչապետի համաձայնությամբ եղած լինի, ինչին ես չեմ հավատում եւ հակված եմ մտածելու, որ վարչապետն անտարբեր է, պարզապես, եւ, ցավոք, իր համար միեւնույն է, թե իր խոսքից հետո ինչ են հնչեցնում... Սակայն, պարո՛ն վարչապետ, իմ ծանոթները շարունակում են ինձ համոզել փաստերով. վկայակոչում են Ձեր «Երկրի հակառակ կողմը» գրքի էջ 58-59, որտեղ Դուք «երաժշտագիտական գոհարներ» եք շաղ տալիս՝ գրելով, որ մոլլայի կանչից իսպանացիները ստեղծել են ֆլամենկո, իսկ մեզ մոտ այդ մոլլայի կանչը պահպանվել է Տավուշի պառավների գերեզմանոցային ողբերի մեջ, բայց, ցավոք, մենք չենք կարողացել դրանից մշակույթ ստեղծել: Այսինքն՝ ուզում եք ասել, որ ճիշտ կլիներ, որ մեր երաժշտությունն էլ հիմնեինք մոլլայի կանչի վրա, եւ ավելացնում եք. «Ու եթե Հայաստանում մոլլայի կանչից մնացել է կանանց... ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ... Եվ այս իմաստով ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում են» «մշակութային օտար ազդեցությունների դեմ»: Ինչքան շատ ենք պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը»: Ահա՛, սա գրել եք սեւով սպիտակի վրա եւ հրատարակել եք:
Միայն թե գլխի ընկե՞լ եք, որ այդ «փրփրած բերանով» «ծիծաղելին» հենց Կոմիտասն է, որ կա. Կոմիտասն էր «փրփրած բերանով» պայքարում այն տիրացուների դեմ, ովքեր Պատարագը երգում էին մոլլայակերպ կլկլոցներով (թունդ հոդված էլ ունի այս մասին): Իսկ մեր էպոսը հայտնաբերած Գարեգին Սրվանձտյանցը գրում էր, որ մոլլան մտնում էր հայկական եկեղեցի, հնչեցնում «մոլլայի կանչը» (Ձեր գոված) եւ ասում, որ այս կանչով եկեղեցին դարձավ մզկիթ, եւ հայերն այլեւս անելիք չունեն այդտեղ, թող դուրս ելնեն… Հիմա մեր ողջ հայրենիքով համատարած հնչում է մոլլայի կանչը եւ մեզ դուրս հրավիրում մեր հոգեւոր-մշակութային հայրենիքից, ինչին, այսպես շարունակվելու դեպքում, կհետեւի ֆիզիկական վտարումը:
Դառնանք բուն հարցին. պարո՛ն վարչապետ, հանձնարարե՛ք, որ տան անուն-ազգանուն, բացահայտե՛ք գլխավոր «շպիոնին», ո՞վ է հրահանգել, որ Նոր տարին ազդարարվի թուրքական մուղամով՝ մոլլայի կանչով:
Քանի որ Հայաստանի Գրողների միությունն ու Կոմպոզիտորների միությունը բերանները ջուր առած ննջում են (դարձել են ննջեցյալ), հերթական անգամ ապացուցելով, որ քաղաքացիական կեցվածքն իրենց հետ կապ չունի, ստիպված՝ իրենց փոխարեն բերենք Վահան Տերյանի խոսքը (նա հազար անգամ ավելի ողջ է). «Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյան են: ...Ահա արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին ու շքեղ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան: Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է: Չկամենաք այդպիսի մի հայրենիք... Այդպիսի հայրենիք ես չե՛մ ուզում: Որովհետեւ մի՞թե դիակ է իմ կամեցածը»:
Արթուր Շահնազարյան
Կոմպոզիտոր, կոմիտասագետ
Hraparak.am