«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ 1. Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ։

Փաստ 2. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Հիմա էլ հերթը հասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Դատախազի որոշումը գնահատում ենք անօրինական եւ չհիմնավորված»:

Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ. «Նախաքննական մարմինն ունի պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու օբյեկտիվ քննություն»: Ասել է թե՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ ստորադաս մարմինը, այս դեպքում՝ Կոմիտեն, գնահատական է տալիս վերահսկող կամ վերադաս մարմնի գործողություններին: Սա չլսված բան է եւ ունի խորքային պատճառներ, որոնց առաջիկայում կանդրադառնանք:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

ArmLur.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն