Ռոբերտ Քոչարյան. Տնտեսական ինտեգրումը ձեռնտու է Հայաստանին եւ Ռուսաստանին
Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը շահում են տնտեսական ինտեգրումից: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանը փոքր երկիր է` փոքր տարածքով եւ բնակչությամբ: Ռուսական շուկան հսկայական է մեզ համար: Ուստի ցանկացած ուղղությամբ տնտեսական ինտեգրում պարզապես ձեռնտու է: Կարծում եմ, դա ձեռնտու է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի համար: Իհարկե, այս փոխգործակցությանը խանգարում է ենթակառուցվածքի բացակայությունը: Բայց այստեղ էլ կարելի է համատեղ նախագծեր անել: Ի դեպ, Վերին Լարսով անցնող ճանապարհը մշտական տրանսպորտային խնդիր է: Եվ այստեղ, հավանաբար, հնարավոր է ունենալ մայրուղու համատեղ նախագիծ, որը գոյություն ունեցող երթեւեկության հոսքերի զարգացման շատ լուրջ գործոն կդառնա: Ի դեպ, կարծում եմ, որ դա իրանական կողմի համար նույնպես ձեռնտու կլիներ` ընդհուպ մինչեւ Չինաստան: Դա, այսպես ասած, նեղ բկիկ է, որն այսօր իսկապես խանգարում է տնտեսության մեջ մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նախկին նախագահը:
Հայաստանում երկրորդ ռազմաբազան բացելու մասին հարցին ի պատասխան Քոչարյանը նշեց, որ «կլինի դա երկրորդը, թե ընդլայնված առաջինը, կարծում եմ, այստեղ այդքան էլ կարեւոր չէ»: «Կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի ներկայությունն ընդգծված լինի ռազմական առումով: Եվ, ի դեպ, ռուսական բազան, այս առումով բավականին ուժեղ է: Բայց այս ներկայությունն անհրաժեշտ է ավելացնել»,- հավելել է երկրորդ նախագահը: