«Բաբկեն Թունյանը տղամարդկային բոլոր արժեքներն անցնում է՝ զբաղվելով զրպարտությամբ». Հռիփսիմե Ստամբուլյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ազգանվան առնչությամբ ՔՊ-ական պատգամավորների ելույթներին: Հատուկ իշխանական պատգամավորների համար, նա ընդգծելով պարզաբանեց, որ իր ազգանունն առհասարակ առնչություն չունի Թուրքիայի մայրաքաղաքի հետ:
«Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժն առհասարակ չգիտի, որ Ստամբուլը որևէ կապ չունի Թուրքիայի հետ: Իմ ազգանունը հունարեն Իստանբուլ բառից է և բացարձակ առնչություն չունի Թուրքիայի հետ, իմ ազգանունը թուրքական որևէ ծագում չունի: Իստանբուլ հունարենից թարգմանաբար նշանակում է՝ իջնել քաղաք: Ես դեռ փորձ չեմ արել ամբիոնից կրթելու, չնայած այս տարիքում արդեն շատ ուշ է, որպեսզի մարդկանց կրթենք»,- նշեց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Միաժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ «Անռիվա» տուրը երբեք Ստամբուլ-Երևան թռիչքներ չի իրականացրել, ինչպես հայտարարում են իշխանական պատգամավորները:
«Իշխանական պատգամավորները հավանաբար կարդում էին 2012 թվականին արված ավիատոմսի գովազդ, այսինքն՝ «Անռիվա» տուրը գովազդում էր ինչպես Երևան-Մոսկվա, այնպես էլ Երևան-Ստամբուլ տոմսեր: Սակայն սա չի նշանակում, որ մեր ընկերությունն իրականացնում էր Երևան-Ստամբուլ թռիչքներ, սա զրպարտություն էր, հույս ունեմ, իրենք ներողություն կխնդրեն: Ես դեմ եմ, որ այսօր բերել ու քննարկում ենք լիցենզավորման մասին մի օրենք, որտեղ օտարերկրացի ներդրողը կարողանալու է առանց կառավարության վերահսկողության գալ ու Հայաստանում իրականացնել գործունեություն: Տնտեսական անվտանգության տեսանկյունից, հայ գործարարն ունենալու է խնդիրներ, այսինքն՝ հայ գործարարն այդ լիցենզիան ավելի դժվար է ձեռք բերելու, քան դրսից եկածը: Այս քանակի Երևան-Ստամբուլ թռիչքները ակնհայտորեն հող են նախապատրաստում, որ Հայաստանում լինելու են թուրքական ներդրումներ»,- հավելեց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Նա անդրադարձավ նաև Բաբկեն Թունյանի հայտարարությանը, որը վերաբերում էր տնտեսական հանձնաժողովի նիստերին ընդդիմադիր պատգամավորի մասնակցությանը.
«Բաբկեն Թունյանը տղամարդկային բոլոր արժեքներն անցնում է՝ զբաղվելով զրպարտությամբ: Ես մեկ անգամ չեմ մասնակցել քննարկմանը, բայց մյուս քննարկումներին եղել եմ և հարց եմ բարձրացրել, թե ո՞ր կազմակերպություններն են, որ ցանկանում են գալ Հայաստան»:
168.am