Զինծառայողները կարող են գնալ արձակուրդ, քրեակատարողական հիմնարկներում կվերականգնվի այցելությունների գործընթացը
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ՝ ՊՇՌ թեստավորման կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման դեպքում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Այո, կորոնավիրուսային վարակը դեռ շարունակում է մնալ համավարակ և դեռ բավական բարձր ալիքի վրա։ Բայց մենք որդեգրելով գործիքակազմ՝ պայքարելու համաճարակային վիճակը մեղմացնելու դեմ, պիտի շարունակենք մեր ընթացիկ կյանքը։ Կապված աշնանային իրավիճակի սրացման հետ՝ զինված ուժերում ու քրեակատարողական հիմնարկներում արձակուրդների, այցելությունների հետ կապված գործընթացները դադարեցվել էին։ Եվ այս որոշման մեջ փոփոխություն մտցնելով՝ մենք հիմա հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները։ Դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, պատվաստումներն ամբողջական անցնելու հանգամանքը։ Եվ այս պայմանները պահպանելու արդյունքում մեր զինված ուժերի զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ։ Եվ նույն տրամաբանությամբ քրեակատարողական հիմնարկներում կվերականգնվի այցելությունների գործընթացը՝ խստորեն պահպանելով վերոնշյալ կանոնները»։
Lragir.am