Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: Այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման գործունեությամբ չի զբաղվել, բայց այսօր արդեն հանձնարարված է, քանի որ մեր 216-միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք և այդ առիթով մենք պետք է գիտակցենք, որ մեր ամեն մի լումայից արդյունավետություն պետք է ունենանք: Փորձելու ենք որոշ կադրային փոփոխություններ անել և հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, թե այսօր հասարակությունը մտածում է, որ բոլորը թալանում ու գողանում են, նա, իհարկե, չնշեց, որ նման բան կա, բայց նաև չբացառեց չարաշահումների դեպքերը, և այդ առումով իրենք պետք է հստակ վերահսկողություն ունենան այդ բոլոր ուղղություններով:
Նախագահը կարևորեց նաև հասարակության հետ մշտական կապի ապահովումը: Իշխանության ներկայացուցիչները պարտադիր պետք է մշտական հանդիպումներ ունենան բնակիչների հետ, որպեսզի բնակչությունը հասկանա, որ պետությունն իր թիկունքում է և գործում է:
168.am