Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:

Բնական է, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այդ թեմայով հարցեր ունեին այն հատուկենտ «համարձակներին», ովքեր իջել էին լրագրողների հետ շփվելու:

Եվ եթե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շառից-փորձանքից հեռու ասաց, որ Փաշինյանի ասածին ավելացնելու բան չունի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն ակնհայտորեն նյարդային էր, բորբոքված, և ինչ-որ պահի, այդ հարցից վրդովված, սկսեց վիրավորել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողներին:



Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը ժողովրդավար է, Դումանյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում՝ ժողովրդավար:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում նման հայտարարության մեջ»,- ասաց նա:

Պնդմանը, թե եթե ինքը ցանկանա աշխատանքից ազատվել, Փաշինյանը թույլ չի տալու դա իրեն անել, ու նախարարը հայտնվելու է պատանդի կարգավիճակում, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ եկեք գուշակություններով չզբաղվենք:

Իսկ թրաֆիքինգի զոհ լինելու մասին լրագրողի հարցը հունից հանեց Վահրամ Դումանյանին:

«Նման մակարդակի անմակարդակ հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նախարարը՝ անպատասխան թողնելով լրագրողի հակադարձումը՝ իսկ Փաշինյանի հայտարարությունը մակարդակո՞վ էր:

Հաջորդիվ լրագրողներից պահանջեց կոռեկտ լինել, ասաց, որ չի պատասխանելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Լրագրողները, սակայն, չհանձնվեցին:

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նախարարները զրկված չեն աշխատանքից դուրս գալու իրենց իրավունքից, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ բացարձակապես ոչ:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք աշխատանքային հնարավորություններ երբևէ, կարծում եմ, չի եղել: Որևիցե խնդիր աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված՝ գոյություն չունի: Այսօր շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար, այսօր ԿԳՄՍ նախարարությունում և իմ գործողություններում: Նախարարության բովանդակային որոշումները կան, և որևիցե խնդիր մենք չունենք կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախարարության աշխատանքային քաղաքականությունն էլ է Փաշինյանը մշակում:

Ի վերջո, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելն այդպիսի բան է, և այո, Նիկոլ Փաշինյանը կարող է նման որոշումներ կայացնել, բայց նրա ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Ապա խորհուրդ տվեց Վահան Քերոբյանին հարցնել՝ խախտվե՞լ են արդյոք իր իրավունքները:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի՝ ԿԳՄՍ նախարարությամբ ալբաներեն թարգմանությանը: Նրան հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը կարդացել է գիրքը, և եթե կարդացել է, ի՞նչ գեղարվեստական արժանիքներ է տեսել այնտեղ, հատկապես, եթե գրքում կան նաև այլասերված բարքերի նկարագրություններ ու հայհոյանքներ:

Այս հարցից հետո Վահրամ Դումանյանը նախ լրագրողին խնդրեց ներկայանալ, ապա սկսեց դասեր տալ ներկայանալի լինելու, տարբերանշանը ճիշտ փակցնելու մասին:

«Այդ հարցով հարցում է եղել: Գրավոր պատասխան կլինի, և մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան և ինչու»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, լրագրողին հետաքրքիր էր՝ կարդացե՞լ է արդյոք Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանի գիրքը, որովհետև նա ԿԳՄՍ նախարար է, ի վերջո, նաև, միգուցե, գրական ճաշակ ձևավորող, երիտասարդներին ուղղորդող: Նախարարն ասաց՝ հարկ չի համարում պատասխանել:

«Պարոն «Հրապարակի» լրագրող, ես չեմ ուզում պատասխանել կոնկրետ Ձեր հարցին: Կարելի՞ է… No comment… Նաև չեմ ուզում Ձեզ հետ դիալոգը շարունակել: Կոնկրետ հարց ունեք, տվեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը, ինչին ի պատասխան՝ լրագրողն ասաց՝ կոնկրետ հարց է տալիս՝ կարդացե՞լ է արդյոք նախարարը Փաշինյանի գիրքը:

Մի քանի վայրկյան էլ շահելու համար Վահրամ Դումանյանը սկսեց հետաքրքրվել լրագրողի կրթությամբ, ապա ստանալով սպառիչ պատասխաններ ու զգալով, որ էլ ասելիք չկա, հեռացավ:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն