«Ես գտնվել եմ մի համաստեղությունում, ինքը՝ մեկ այլ, նա գիգանտ քաղաքական գործիչ է, ես սովորական, շարքային պատգամավոր». Արթուր Ղազինյանը՝ Վիլեն Գաբրիելյանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել օրենսդրական նոր, կարելի է ասել, խոստացած նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ըստ այդ օրենքի, փոփոխություն կատարել հանձնաժողովների նախագահների կամ նրանց տեղակալների ընտրության կարգում, այսինքն՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու այլևս չպետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
ՔՊ-ական պատգամավորն իր հեղինակած օրինագիծը հունվարի 19-ին ներկայացրեց խորհրդարանում, որին կողմ քվեարկեց անձամբ Արթուր Ղազինյանը։
Այսօր խորհրդարանում 168.am–ը Արթուր Ղազինյանից հետաքրքրվեց, թե Վիլեն Գաբրիելյանը և ինքը միմյանց հետ որևէ խնդիր ունե՞ն։
«Ես նրա նկատմամբ շատ մեծ հարգանք ունեմ, ակնածանքով եմ իրեն վերաբերվում, դրա համար իր բերած օրինագծին կողմ քվեարկեցի։ Ուղղակի չէի կարող ինձ ստիպել ու դեմ քվեարկել այդպիսի գիգանտի բերած նախագծին, նման բան ուղղակի չէր կարելի անել։ Կարծում եմ՝ նվաստս իր անձով հետաքրքիր է դարձել նման խոշորամասշտաբ քաղաքական գործչի համար։ Նախագիծը դարակազմիկ էր, և անպայման պետք է դա անել»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Շարունակելով թեման՝ պատգամավորը նաև հավելեց, որ Վիլեն Գաբրիելյանին երբեք չի ճանաչել։
«Ես նրան ճանաչելու առիթն էլ չեմ ունեցել, որովհետև մենք գտնվել ենք տարբեր մոլորակներում։ Այսինքն՝ ես գտնվել եմ մի համաստեղությունում, ինքը՝ մեկ այլ, մենք չէինք կարող միմյանց ճանաչել, ուղղակի ճանապարհները չէին էլ կարող հատվել։ Չկա այդ դաշտը, չկա մի տեղ, որտեղ մենք ընդհանուր ինչ-որ բան ունենանք, օբյեկտիվ չէր էլ կարող լինել, ես՝ որտեղ, ինքը՝ որտեղ։ Ինքը՝ համամարդկային մեծ նշանակություն ունեցող, գիգանտ, ես՝ սովորական, շարքային պատգամավոր»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։
168.am