Վաղը կլինի՞ պատերզմ Ուկրաինայում ...
Ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնի Պեգովը Դոնբասից նշում է, որ ուկրաինական զինուժը սահմանին է մոտեցրել ծանր հրետանի, ծանր սպառազինություն, առաջնագծից հեռացրել է դիպուկահարներին եւ պատրաստում է խոշոր պրովակացիա, որին՝ ուշադրություն, «դոնբասականները չեն կարող չպատասխանել»:
Ակնառու է, որ վերջին երկու-երեք օրերին կտրուկ սրվել է հռետորաբանությունը: ԱՄՆ խոսում է «ամեն պահի» հարձակման հնարավորության մասին, Բլինքենը Կիեւում ԱՄՆ դիվանագետներին հայտնում է «ցանկացած պահի տարհանման» անհրաժեշտության մասին:
Բլինքենի այցին զուգահեռ Զելենսկին պատերազմից չվախենալու մասին ուղերձով դիմում է Ուկրաինայի հանրությանը:
Ռուսներն էլ ահա «հանգամանորեն» խոսում են ուկրաինական «պրովակացիայի» նախապատրաստման մասին, այդպես թերեւս իրականացնելով արդեն իրենց ռազմական գործողության քարոզչական հիմքի պատրաստման գործնական աշխատանք:
Արդյո՞ք պատերազմի հարցը կորոշի վաղը Ժնեւում կայանալիք Բլինքեն-Լավրով հանդիպումը: Բանն այն է, որ հռետորաբանության մակարդակում իրավիճակը սուր տրամաբանությամբ աճել է այնքան, որ այդ դոզայով երկար խաղալն այլեւս թվում է գրեթե անհնարին, հետեւաբար կամ պետք է լինի որեւէ հանգուցալուծում դիվանագիտության դաշտում, կամ պարզապես ճշգրտվում են պատերազմի վերջին շտրիխներ ու որոշակի «կարմիր գծեր»:
Հակոբ Բադալյան