Կիևում իշխանությունները սկսել են բրոշուրներ բաժանել՝ պատմելով՝ ինչ է պետք անել պատերազմի բռնկման դեպքում
Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը սկսել է Կիևում գործող ձեռնարկություններին բրոշուր բաժանել՝ նախատեսված ռազմական գործողությունների բռնկման դեպքի համար, հայտնում է Vesti.ua-ն։
«Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հրահանգներ է ուղարկում Կիևի ձեռնարկություններին, թե ինչպես վարվել արտակարգ իրավիճակի և պատերազմի դեպքում»,–գրում է թերթը։
14 էջանոց փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերն ի վիճակի են «պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին» և «արդյունավետորեն զսպել ագրեսորին»։
Միևնույն ժամանակ, խաղաղ բնակիչներին տրվել են տասնյակ հուշումներ՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում։
Մասնավորապես, ուկրաինացիներին առաջարկվում է նախապես պատրաստել իրենց տները հնարավոր ռազմական հակամարտության համար։ Այսպիսով, ժողովածուի հեղինակները խորհուրդ են տալիս նախօրոք պարզել մոտակա ապաստարանի գտնվելու վայրը, ստեղծել ջրի և դեղորայքի պաշարներ, պատրաստել տարհանման համար իրեր, փաստաթղթեր և անձնական մեքենաներ, ինչպես նաև դիտարկել լույսի և ջերմության հնարավոր այլընտրանքային աղբյուրները:
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Tert.am