Սաուդական օդուժը հարված է հասցրել Եմենի բանտի շենքին. Al Mayadeen
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հունվարի 21-ին հարձակումներ են կատարել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա Եմենի այն քաղաքներում, որոնք գտնվում են շիաներ «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների վերահսկողության ներքո:
Ինչպես հայտնել է Բեյրութից հաղորդումներ հեռարձակող Al Mayadeen հեռուստաալիքը, Սաադայի նահանգի վարչական կենտրոնի գլխավոր բանտին հասցված հրթիռահարվածի հետեւանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, եւս 150-ը վիրավորվել է։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ կատարվում է փրկարարական գործողություն: Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի, քանի որ փլված շենքի բեկորների տակ կարող են մարդիկ լինել: Հունվարի 20-ին Սաուդյան Արաբիայի հովանու ներքո կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է օդային արտագրոհների ընթացքում հուսիների 60-ից ավելի կողմնակիցների ոչնչացման մասին: Նրանց մեծ մասը զոհվել է Մարիբի նահանգում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում խռովարարների եւ կոալիցիայի ցամաքային ուժերի միջեւ: Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից:
Ռազմական առճակատումը սաստկացել է 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զորքերի ներխուժումից հետո՝ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին հավատարիմ զինված ուժերին աջակցելու նպատակով: Եմենում պատերազմը հանգեցրել է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ նեքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am