Ինչ է կատարվել Պուտինի հետ
Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պետական Դումային Պուտինի տարեկան ավանդական ուղերձը հետաձգվում է։ Մի քանի օր առաջ էլ Պուտինը հրաժարվել էր սառած ջրում ավանդական ընկղմումից։
Ռուս փորձգետները (խոսքը պրոպագանդոնների մասին չէ) նշում են, որ Պետական Դումային ուղերձում Պուտինը պետք է ուրվագծեր իշխանության տրանզիտի հարցը։ Սակայն Ղազախստանում պետական հեղաշրջումը խառնել է բոլոր պլանները։ Ամենալայն լիազորություններով եւ օրենսդրական երաշխիքներով անվտանգության համակարգը Նազարբաեւի պարագային չէր աշխատել։ Պուտինը ցանկանում էր նմանատիպ մեխանիզմ իրականացնել Ռուսաստանում, սակայն Նազարբաեւի ու նրա կլանի հեռացումն իշխանությունից եւ տնտեսական խոշոր ոլորտներից Պուտինին ստիպել են առժամանակ հրաժարվել տրանզիտի գաղափարից։
Ղազախստանում տապալումն ու Չինաստանի ու Թուրքիայի պահանջով ռուսական զորքի դուրսբերումը ծանր հարված էին Պուտինի իմիջին։ Խոսքը նախեւսռսջ մոսկովյան ռեժիմի ներսում նրա իմիջի մասին է։ Էլ ավելի բարդ է իրավիճակը Ուկրաինայի պարագային, որտեղ Պուտինը կանգնած է ընտրության առաջ․ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն մերժեցին Մոսկվայի վերջնագիրը, ընդ որում՝ «դե հարձակվիր, կտեսնես» ոճով, Պուտինը կամ պետք է սկսի պատերազմը, կամ նահանջի, ինչը ռուսական ներիշխանական խմբավորումների համար որոշակի ազդանշան կդառնա։
Բարվոք չէ վիճակը նաեւ տեղեկատվության արտահոսքի առումով։ Ավելին, արտահոսքերի ուժգնացումը վկայում է Կրեմլի ռեժիմի ներկայիս իրավիճակի մասին։ Մասնավորապես, միջազգային ու ռուսական զլմ-ներում բաց տեքստով հրապարակվում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի մանրամասները, այդ թվում, օրինակ, պատերազմը սկսելու առիթ ստեղծելու համար Ղրիմի ղեկավարների, Դոնբասի «հերոսների» դեմ պլանավորված մահափորձերի վերաբերյալ տեղեկությունը։
Փորձագետները նշում են, որ իր հրապարակային վերջին ելույթներում Պուտինն ընկճված ու տեղ-տեղ անմեղսունակ տեսք ուներ, ինչը կապվում է թե արտաքին քաղաքական տապալումների, թե անձնական ինչ-ինչ խնդիրների հետ։ Նկատելի է, որ ԱՄՆ-ն ներկայում փորձ է անում Պուտինի համար ապահովել նահանջ՝ դեմքը պահպանելով։ Սակայն որքանով դա կհաջողվի՝ պարզ չէ։ Միեւնույն ժամանակ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Պուտինի, նրա ընտանիքի անդամների ու մերձավոր շրջապատի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների ցանկն իսկապես լուրջ է։ Հատկապես՝ կլեպտոկրատ ռեժիմի պարագային, որն իր տիեզերական մասշտաբների գողոնը պահում է հիմնականում Արեւմուտքում։
Ինչ որոշում կընդունի Պուտինը․ ըստ փորձագետների՝ դա հայտնի է դառնալու Շոյգուի հետ Սիբիրում հերթական շամանական ծեսից հետո։
Անլո՞ւրջ է թվում այս ամենը, բայց այդպիսին է Կրեմլի վարչակարգի շուրջ ստեղծվող տեղեկատվական ֆոնը, ինչն արդեն իսկ շատերին առիթ է տվել հիշել վերջին ցարի կառավարման վերջին շրջանը։
Անշուշտ, այս ամենն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանում պուտինյան մանդատակիրների ու կատարածուների՝ ՔՊ խմբակի ու խորհրդարանի «ընդդիմության» ճակատագրի վրա։ 2018-ից խաղարկվող «ներքաղաքական» խեղկատակության եւ հակահայ ծրագրերը սպասարկելու համար հարկ է պատասխան տալ ամեն դեպքում։ Մի տարբերակ այնուամենայնիվ ունեն, եւ ժամանակն է մտածել այդ մասին։
Lragir.am