Հունվարի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ,  որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Նիստը մեկնարկել է  ՀՀ պետական  և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ:  Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, Իրավաբանական, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության, Արտաքին կապերի, Ֆինանսատնտեսագիտական, Գույքի կառավարման վարչությունների, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, Կադրային քաղաքականության բաժինների, Քարտուղարության և ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի մեկ տարվա գործունեության արդյունքները: Համեմատականի համաձայն՝  2021թ.-ի ընթացքում նշված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:  Դրական դինամիկա է արձանագրվել  նաև հանձնարարականների ժամանակին կատարման գործընթացում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

2021 թվականին՝ 2020թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ ձեռք է բերվել  և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում: Վերանորոգվել և վերատեղադրվել է  224 շչակ: Արդիականացման արդյունքում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ:  Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները: Հիմնանորոգվել և ամբողջությամբ կառուցվել են Գյումրի 2, Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը։  Ընթացքում  է  Աշոցք ՀՓՋ-ի նոր շենքի շինարարությունը, Ստեփանավանի և Բաղրամյանի ՀՓՋ-ների նոր շենքերի, Սևանի ջրափրկարարական բազայի նախագծման աշխատանքները: ՓԾ տնօրենը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեխնիկական համալրումը, մասնավորապես՝  բոլոր մարզային փրկարարական վարչություններին  անօդաչու թռչող սարքերով ապահովելը, որոնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար։ ՊՆ-ից ԱԻՆ-ին փոխանցված բեռնատար մեքենաները ևս կհամալրեն մարզային ջոկատների ավտոպարկը: 2021թ-ին ՓԾ քաղաքացիական պաշտպանության բոլոր հենակետերը համալրվել են համակարգչային տեխնիկայով և թվային ռադիոկապով, իսկ անձնակազմը՝ անհատական մարտական համազգեստով: Կատարվել են փոփոխություններ Փրկարար ծառայության համազգեստի ձևի, տրման կարգի և օգտագործման ժամկետների  առումով: Տարվա ընթացքում փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ համազգեստի ավելի քան 1400 լրակազմով, ինչը թույլ է տվել առաջին անգամ ամբողջ հրշեջ-փրկարարական անձնակազմին ապահովել անհատական մարտական համազգեստով և համազգեստի տարրերով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն առանձնացրել է ուսումնական հաստատության ձեռբերումները, նշել՝ ծրագրերը: Անցած տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, ավարտել՝  251-ը: Նրանք աշխատանքի են անցել ԱԻՆ-ում, Ոստիկանությունում, ՊՆ-ում: ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021թթ. ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետու­թյան կողմից տրամադրվել է կրթաթոշակ: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա: Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ են իրականացվել: Մշակվել են փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, որոնք հնարավորություն են տվել ռոբոտը իջեցնելու և վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։ Կատարվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ: Ակադեմիայի առաջիկա տարիների ծրագրերը ևս հավակնոտ են:

<<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին լրացվել է 2547 երկրաշարժի տվյալ: Օպերատիվ որոշվել են 503 երկրաշարժի հիմնական պարամետրեր։ Շարունակվել են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտությունները և անձնագրավորման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ նշանակության օբյեկտները: Հայաստանում առկա շենք-շինությունների 70-80 տոկոսն ունեն բարձր խոցելիություն և սեյսմակայունության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ: 

ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն   Վարդան Գևորգյանի հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում կնքվել է փորձաքննության իրականացման  2.599 պայմանագիր, 10.517 Արտադրական Վտանգավոր Օբյեկտների  տրվել են փորձաքննության եզրակացություններ, որից 8-ը բացասական: Ուսումնական կենտրոնում ուսուցանվել են տեխնիկական անվտանգության թվով 1.518 մասնագետ կադրեր: ՊՈԱԿ-ը լիարժեք իրականացրել է ՀՀ  տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու  իրականացումը: 

Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը ներկայացրել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի  ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքները: Համաձայն զեկույցի՝ իրականացված աշխատանքների և համագործակցությունների արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները նպատակ ունեն համախմբելու ջանքերը և համայնքներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն մասնակից դարձնելու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները,- «2022թ.-ին  մեզ համար կարևոր  խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև Փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին,  նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝  այս դժվարին ժամանակահատվածում»:

Նիստի ավարտին նախարարը պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին, խրարուսվել են նաև հանրային իրազեկման գործընթացին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներն ու աշխատակիցները: Գերատեսչության ղեկավարը պարգևներ, մեդալներ և արտահերթ կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն