Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևում կանգնած են արտասահմանյան հատուկ ծառայությունները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Հասկանալի է, որ Ղազախստանն իր յուրահատկությունն ունի: Սակայն նրանք ևս երևալ չեն ցանկանում: Սակայն առանց հատուկ ծառայությունների՝ նման ակցիաներ վայրկյանապես՝ մեկ օրվա ընթացքում, համակարգված, չեն անցկացվում: Ձեռագիրը տեսնում ենք: Ե՛վ մեր հատուկ ծառայությունները, և ռուսական, ղազախստանցիները ևս տեսնում են այդ ձեռագիրը: Կգա ժամանակը, կցանկանան, կասեն»,- Լուկաշենկոյին մեջբերում է աղբյուրը:

Բելառուս առաջնորդը կարծում է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները եզրակացություններ են արել «բելառուսական փորձից»: «Դուք նույնիսկ չնկատեցիք, թե ով էր կանգնած Ալմաթիում այդ ավազակախմբերի և այդ անկարգությունների հետևում: Իսկ մեզ մոտ նկատելի էր. Լիտվան, Լեհաստանը, հետո նաև Ուկրաինան: Իսկ ֆինանսավորում և ուղորդում էին ամերիկացիները: Այնտեղ՝ Ղազախստանում, աշխատել են հստակ երկրների հատուկ ծառայություններ»,- հավելել է Լուկաշենկոն:

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն