Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի դրույքաչափի նկատմամբ
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը եւ կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարեւոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը` այն փոխկապակցվել է ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի եւ ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը: Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում եւ հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:
«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետեւաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաեւ կամավոր ատեստավորում, որը նաեւ աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի եւ կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:
Hraparak.am