Դեռեւս 2019-ից սկիզբ առած Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դատական գործը հանգուցալուծվել է։

Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան, 2021թ. հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ համարելով, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով՝ սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչեւ փաստացի վճարման օրը:

Առաջին ատյանի դատարանը հօգուտ աշխատողների որոշումը կայացրեց դեռ 2021թ. հուլիսի 19-ին, սակայն ԿԳՄՍ նախարարության կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան, որտեղ եւս գործի քննությունը լուծվեց հօգուտ աշխատողների, եւ մերժվեց նախարարության բողոքը:

Իր որոշմամբ վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը պարապուրդի առկայության դեպքում, երբ հիմնավորվում է աշխատողի՝ պարապուրդի մատնված լինելու մեջ մեղավորության բացակայությունը, գործատուի մեղավորությունը որեւէ ձեւով չի կարեւորվում, քանի որ հակառակ դեպքում պաշտպանված չէր լինի աշխատողների՝ ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի դիմաց վարձատրություն ստանալու երաշխավորված իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հավելել է նաեւ, որ վիճելի իրավահարաբերության մեջ պարապուրդի առկայությունը ոչ աշխատողների մեղքով առաջացած լինելու փաստի առկայության պայմաններում, գործատուի մեղքի առկայությունը որեւէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական նորմի հիմքում գործատուի մեղավորության առկայության կամ բացակայության հարցն առհասարակ չի կարեւորվում, այլ կերպ ասած՝ նյութաիրավական նորմի կիրառման համար բավարար են միայն պարապուրդի առկայությունը եւ դրա՝ ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու հանգամանքը:

Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեզ հետ զրույցում ընդգծեց․ «Մշակույթի նախարարությունը պետության վրա ահռելի պարտքեր, տույժ-տուգանքներ է կուտակել»։ Թե մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը, ասաց․ «Ահռելի, եթե մոտավոր եւ կոպիտ հաշվարկ անենք, ապա 19 հոգի 2 տարվա նվազագույն աշխատավարձով՝ գումարած 0․15 տոկոս օրական տույժ-տուգանք, գումարած նաեւ իմ 660 հազար վերջնահաշվարկը՝ դարձյալ օրական 0.15 տոկոս տուգանքով, այսինքն՝ միլիոնների մասին է խոսքը, ու սա դեռ վերջնական հաշվարկված չէ։ Էլ չասեմ, որ այդքան, դեռ ավելի մեծ պարտք է կուտակել հարկային դաշտում, որովհետեւ 2 տարի հարկ չի վճարել»։

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը տարիներ շարունակ Պարարվեստի ուսումնարանի նկուղային հարկում է տեղակայվել, որը նախկին տնօրենը վերանորոգել էր, բայց «հետո փորձեցին ներխուժել, որ դա մերն է։ Ես էլ հիմա դատական հայցով դիմել եմ դատարան՝ սեփականաշնորհելու այդ հատվածը, պետության հետ դատական պրոցեսի մեջ ենք, բայց արդեն՝ որպես Գայանե Կարապետյան, ոչ որպես տնօրեն։ Դա նկուղային տարածք էր, որ 12 տարի առաջ գալով որպես տնօրեն՝ կարգի բերեցինք ու վերանորոգեցինք։ Նախարարությունն անում է այն գործառույթը, որը չպետք է անի, այն, ինչը որ պարտավոր է անել, չի անում, փոխարենը իրեն չվերաբերող պետգույքի գործառույթներն է անում»։

2 տարի առաջ նախարարությունը թատրոնի տնօրենի պաշտոնում ԺՊ նշանակեց Լիլիթ Փալանջյանին, որը, ըստ նախկին տնօրենի, եւս չի աշխատել այս ընթացքում։ «Իրենց նշանակած ԺՊ-ն՝ Լիլիթ Փալանջյանը, դատի է տվել իրեն նշանակած նախարարությանը եւ պահանջել աշխատավարձ, դատարանն էլ ապահովել է»,- ասում է Կարապետյանն ու հավելում, որ նախարարությունը հրաման էր տվել, որ մինչեւ թատրոնի կարգավիճակի լուծումը մրցույթ չհայտարարվի, եւ նա մնա տնօրենի ԺՊ։

Նախկին տնօրենն ընդգծում է՝ ներկայիս տնօրենի ԺՊ-ն ոչ մի օր աշխատանքի չի եկել, ինչ վերաբերում է դերասաններին, ապա «բոլորը մի մարդու պես գալիս-գնում են, սկզբնական շրջանում մենք խաղում էինք, որովհետեւ ինչ կապ ուներ տնօրենը կատարված պայմանագրի հետ։ Հետո Նազենի Ղարիբյանը զանգեց, հաթաթա տվեց վարձակալած տարածքի տիրոջը, որ իրավունք չունեք իրենց ներս թողնելու, անհիմն, ապօրինի գործունեություն, եւ դադարեցրին, չթողեցին, որ մարդիկ ներկայացում խաղան, եւ հիմա զարմանում են, որ դատարանը վճիռ է կայացրել հարկադիր պարապուրդի, բայց մեզ արգելափակել եք, արգելել եք աշխատել, հիմա էլ ասում եք՝ ինչի՞ եք բողոքում»,- նշում է Գ․ Կարապետյանն ու հավելում, որ մեծ հաշվով թատերախումբը պարապուրդի է մատնվել այս 2 տարիների ընթացքում, թեպետ գնացել են մի շարք գյուղեր եւ անվճար ներկայացումներ խաղացել երեխաների համար։

Ի դեպ, 2019-ին դատարանը նախկին տնօրենի ազատման հրամանը եւս ապօրինի է համարել եւ գրեթե մեկ մլն տուգանել է նախարարությանը, բայց «չեն վերականգնել, որովհետեւ պայմանագրի ժամկետը լրացել էր»։

Ինչ վերաբերում է վերջին վճռին, ապա այն ուժի մեջ է մտնում հունվարի 24-ից։ Գ․ Կարապետյանն ասում է, որ դրանից հետո այլեւս նախարարությունը չի կարող խուսանավել ու չվճարել 2 տարվա աշխատավարձերի գումարը, այլապես կգնա հարկադիր, որն արդեն նախարարությունից գումարը կբռնագանձի։ «Ասացին՝ թող դատարանի վճիռը լինի, նոր կվճարենք, պետությունը բյուջեն իջեցրել է, եւ նախարարության ապօրինությունների հետեւանքով այսքան պատմությունների առաջ կանգնեցինք․․․։ Պարոն վարչապետ, տեղյա՞կ եք, թե Ձեզ ենթակա օղակներում ինչ է կատարվում»,- խոսքը հռետորական հարցադրումով եզրափակում է Գայանե Կարապետյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն