Փաշինյանը հակասական և անկապ հայտարարություններով բանակցային գործընթացը վերածեց քաոսի. Արթուր Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական պարբերականին
«Փաշինյանը, բանակցային գործընթացի մասին չունենալով որևէ պատկերացում, հակասական և անկապ հայտարարություններով այն վերածեց քաոսի»,- ուկրաինական Страна պարբերականին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով լրագրողի հարցին՝ որո՞նք են գլխավոր պատճառները, որ ՀՀ-ն պարտվեց 44-օրյա պատերազմում։
Վանեցյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարիների ընթացքում կարողացել է ոչ միայն տապալել պետական ինստիտուտները, այլև քայքայել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերությունները՝ բոլոր գործընկերների հետ։
«Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն և չունենալով պատկերացում, հակասական և անկապ հայտարարություններով բանակցային գործընթացը վերածեց քաոսի, որն էլ հանգեցրել է նախորդ բանակցային ժառանգության ոչնչացմանը»։
Վանեցյանը նաև հիշեցրել է, որ Փաշինյանի քաղաքական ուժի կողմից բանակի, վաստակաշատ գեներալների վրա հարձակումների նպատակաուղղված գործընթաց է տեղի ունեցել։
«Կադրային քաղաքականության փոփոխություններ էին տարվում պաշտպանության ոլորտում, փոխվում էին նաև առաջնահերթությունները։ Սպառազինությունների գնումների ծրագրերի անհասկանալի փոփոխություն էր տեղի ունենում»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ այս ամենը տեղի էր ունենում վստահության մակարդակի նվազեցման և արտաքին ու ներքին գործընկերային հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Ըստ Վանեցյանի՝ այս իրավիճակում Ադրբեջանը, տեսնելով, թե ինչ իրավիճակ է Հայաստանում ու Արցախում, հասկացել է, որ կարող է պատերազմ սկսել ՝ որոշակի հաջողության հույսով։
«Կարծում եմ, պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձևակերպումը։ Դա արվել է հիմարությամբ, թե դիտավորյալ, ցույց կտա հատուկ հետաքննություն, որն, անշուշտ, նախաձեռնվելու է իշխանափոխությունից հետո»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ պատերազմն ու պարտությունը «կազմակերպված անկազմակերպության» արդյունքն է։
«Փաստն այն է, որ պատերազմն ու դրա կորուստները տոտալ անկազմակերպության արդյունք են։ Մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը ՝ ի դեմս Փաշինյանի»,- եզրափակել է Վանեցյանը։