Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է կապված լինել այն գործընթացների հետ, որոնք պաշտոնական Երևանը սկսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանն ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Արմեն Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև քաղաքական գործընթացների մասնակիցների մեծ մասի համար։ Ամենայն հավանականությամբ, Սարգսյանի հրաժարականը կապված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում նախանշվող զարգացումների հետ», - ասել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի քաղաքական շրջանակներում ավելի են ակտիվանում խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգման համաձայնագրեր։ «Շատերը հենց Սարգսյանի անակնկալ հրաժարականը կապում են այս ոչ պոպուլյար պայմանագրերի համար պատասխանատվություն վերցնելու ցանկության բացակայության հետ», - ասել է նա։