ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Իր հայտարարության մեջ, արդեն նախկին նախագահը բացատրում է իր հրաժարականի պատճառները՝ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ․․․» և այլն։ Նախկին նախագահը արդարանում է, թե ինչու, այնուամենայնիվ այսքան ժամանակ պաշտոնավարեց։

Ինքս լուրջ հարցեր ունեմ Արմեն Սարգսյանին․

-Պարոն նախկին նախագահ, երբ ձեզ առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնը, դուք չէի՞ք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, և չէիք նկատել , այժմ ձեր կողմից նշվող պարտականությունների և լիազորությունների հակասությունները։

– Բերեմ միայն մեկ օրինակ․ Արդյո՞ք, ձեր լիազորություններից չէ՞ր բխում, Սահմանադրական Դատարանի (ՍԴ) լուծարման հակասահմանադրական օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել նույն ՍԴ։

-Ձեր նկատմամբ կասկածները հնչել են, հենց այն օրվանից, երբ դուք համաձայնեցիք ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը։

Այսինքն, այն ժամանակ դուք անզգա էիք վիրավորանքների հանդեպ, բայց այսօր հանկարծ բարձրացավ ձեր արժանապատվության զգացումը։

-Դուք, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, նրան անվանեցիք հերոս։ Հետաքրքիր է, հետագայում նույնպես մնացիք այդ կարծիքին։ Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրեցին, դուք ծպտուն չհանեցիք։

-Դուք խոսում եք համերաշխության մասին։ Ինչ-որ չեմ հիշում, որ դուք վարչապետ կոչեցյալի և նրա հպատակների շուրթերով ընդդիմադիրների , այդ թվում, ձեր կողմից հերոս հռչակված Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին հակադրվեիք։ Եվ ես կարող եմ հաստատապես պնդել, որ դուք ձեր լռությամբ, փաստորեն հավանություն եք տվել, հասարակության մեջ աճող անհանդուրժողականությանը։

-Եվ վերջապես, հարց է առաջանում՝ ինչու՞ հրաժարականը հենց հիմա։ Ձեր փաստարկներն ինձ չեն համոզում։ Ես կհասկանայի, եթե դուք, նման, գուցե ավելի խիստ հայտարարություն անեիք և հրաժարական տայիք, երբ վարչապետ կոչեցյալի կոչով շրջափակվում էին Ազգային Ժողովը, դատարանները, երբ թխվում էին քրեական գործեր ընդդիմադիրների դեմ․․․և վերջապես, երբ կրեցինք խայտառակ պարտություն։ Այդ բոլոր իրադարձությունների ժամանակ, դուք կամ լռել եք, կամ վախվորած ասել, որ տեղյակ չեք եղել, այսինքն՝ լռելյայն համաձայնել, կամ ամեն գնով կառչած մնալ և վայելել, լիազորություններ չունեցող, բայց հաճելի պաշտոնը։

Եվ ես համոզված եմ, որ այս հրաժարականը ձեր որոշումը չի եղել։ Հավանաբար, իմանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու հայ-թուրքական մեղրամիսը, նաև որ այդ պայմանավորվածությունները արձանագրվելու են նոր սահմանադրության մեջ, դուք փորձում եք փրկել ձեր դեմքը, քանի որ, ինչպես նախկինում, չէիք ընդվզելու այդ ամենի դեմ և հավանաբար դուք նույնպես այդ ամենին համաձայն եք։

-Եվ վերջին հարցը․ Ինչպես 1997թ․, այնպես էլ այժմ դուք հեռանալու եք Հայաստանից դեպի ձեր իրական հայրենիք՝ Անգլիա։ Հետաքրքիր է, որ Անգլիայում մշտական բնակություն է հաստատել ՀՀ նախկին դեսպան, վարչապետ և նախագահ Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել․ «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն