Փաշինյանի և Զելենսկու միջև համեմատության եզրեր չկան. Արթուր Վանեցյան
Այս պահին Փաշինյանի և Զելենսկու միջև համեմատության եզրեր չկան որպես քաղաքական գործիչների,- ուկրաինական հեղինակավոր Страна պարբերականին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանին Ուկրաինայում հաճախ համեմատում են Զելենսկու հետ. Որքանո՞վ են այդ համեմատությունները համարժեք։
Վանեցյանը նշել է, որ ինքն անձամբ չի ճանաչում Ուկրաինայի նախագահին և չէր ցանկանա այդ հարցին անդրադառնալ քաղաքական տեսանկյունից, սակայն նկատել է, որ որոշակի նմանություն է տեսնում այն միջավայրում, որով Փաշինյանն ու Զելենսկին իշխանության եկան, քանի որ երկուսն էլ որոշակի հասարակական ակնկալիքների, նախկին իշխանությունից դժգոհության և արդարության փնտրտուքի ալիքի վրա են եկել իշխանության։
«Սակայն այս պահին նրանց միջև համեմատության եզրեր չկան որպես քաղաքական գործիչներ, քանի որ ի դեմս Փաշինյանի՝ գործ ունենք մի մարդու հետ, որը դավաճանել է Հայաստանի ազգային շահերը։ Նրան պարզապես պետք չէ համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ»,- եզրափակել է Վանեցյանը։